Այս տարի խոստանում են վերջնականապես լուծել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում խմելու ջրի խնդիրը: Գյուղի ջրամատակարարման նախագիծն արդեն պատրաստ է: Ինչպես հայտնեցին քաղաքապետարանից՝ աշխատանքները կսկսվեն մեկ ամսից:
Գյուղացիները դժգոհում են, որ արդեն մի քանի տարի է աշխատանքներ են տարվում Սուլդա գյուղի ջրամատակարարման խնդիրը լուծելու ուղղությամբ, բայց նրանք դեռ ջուր չունեն: Գյուղում ապրում է շուրջ 185 ընտանիք: Այնտեղ ջուրը տալիս են 4 օրը մեկ՝ 2 ժամով: Եվ բացի այդ, ջուրը մաքուր չէ: Կախված ջրի քանակից Սուլդայում գրաֆիկը երբեմն փոխվում է, սակայն, գյուղում յուրաքանչյուր փողոցի համար սահմանված են կոնկրետ ժամեր:
Հովիկ Ափոյանի խոսքով, անցյալ 2020 թ.-ին իրենց խոստացել էին, որ այս տարի կլուծեն այս խնդիրը, սակայն երբ և ինչպես կլուծվի գյուղի ջրամատակարարման խնդիրը, գյուղացիները դեռ չգիտեն:
«Անցյալ տարի խոստացան լուծել ջրամատակարարման խնդիրը: Սակայն այն դեռ լուծված չէ, տեսնենք, թե ինչ կլինի հետո», – ասում է Հովիկ Ափոյանը:
Գյուղը բաժանված է 4 մասի, յուրաքանչյուր մասի համար ջուրը միացվում է 2 ժամով, որպեսզի բնակիչները ժամանակ ունենան ջուր հավաքել, նրանք այն երկար չեն կարող միացնել, մնացածին չի հերիքի: Խնդիրը կայանում է նրանում, որ ջուրը ջրավազան է լցվում ցածր հոսքով և այդ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում:
Ըստ Սուլդա գյուղի բնակիչների, իրենք արդեն մի քանի տարի անընդմեջ ջուրը կրում են այլ գյուղերից, երբեմն էլ գնում են:
«Մենք մեքենայով ջուրը բերում ենք Վաչիան գյուղից: Երբեմն այն գնում ենք», – ասում է Գալուստ Կուջոյանը:
Ըստ Սուլդա գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանի, այս պահի դրությամբ ջրագծի նախագիծն արդեն պատրաստ է:
«Նախագիծն արդեն պատրաստ է, եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա աշխատանքները կսկսվեն մոտավորապես ապրիլին», – ասում է նա:
Ըստ նրա, նախագծի գումարը կազմում է շուրջ 1 800 000 լարի: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը ևս մեկ անգամ պետք է վերանայի այս նախագիծը, որպեսզի հնարավորության դեպքում գումար խնայի:
«Մեր մասնագետները կվերանայեն նախագիծը, հնարավորության դեպքում մենք կխնայենք ծախսերը այդ աշխատանքների համար», – ասում է փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
Հենց Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը միջոցները փոխանցի՝ Սուլդա գյուղի ջրամատակարարման աշխատանքները կսկսվեն: Նախնական գնահատականներով՝ աշխատանքները կսկսվեն մոտավորապես ապրիլին: