Լիդա Ալմասյանը Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղից է։ Փոքր տարիքում նա եղել է միայն Հայաստանի քաղաքացի։ Երբ նա փոքր էր, նրա ծնողներին դպրոց են կանչել և ասել, որ իր կրթության համար պետք է վճարեն։ Լիդաի մայրիկն ասում է՝ մի քանի անգամ ասել են, թե Լիդայի, թե նրա կրտսեր եղբոր համար պետք է վճարեն դպրոցում: Սակայն մի տարի անց այդ հարցը այլևս չի քննարկվել։
«Դպրոցի տնօրենը կանչեց և ասաց, քանի որ մեր երկու երեխան այլ երկրի քաղաքացի են, մենք պետք է նրանց կրթություն համար վճարենք, չեմ հիշում վճարի չափը, մենք ասացինք, որ ինչ արած, եթե այդպես է, կվճարենք։ Դասարանում էլի կար այլ երկրի քաղաքացի, միայն մենք չէինք։ Համաձայնվեցինք, որ կվճարենք և գնացինք տուն, և դրանից հետո այլևս այդ թեման երբեք չի քննարկվել, մեզ էլ ոչ զանգեցին, ոչ կանչեցին դպրոց, ոչ էլ գումար պահանաջեցին»,- ասում է Լիդայի մայրիկը։
Լիդան շատ էր մտահոգվումլ, երբ տանը քննարկվում էր դպրոցում գումար վճարելու հարցը, նրա ընտանիքի անդամները որոշել են, որ մինչև 9-րդ դասարան կհաճախի այստեղ, այնուհետև դպրոցից կհանեն և կուղարկեն Հայաստան, որ այնտեղ շարունակի կրթությունը։ Բայց այդ ամենին դեմ է եղել Լիդան: Նա միշտ ցանկացել է, մնալ Վրաստանում և բարձրագույն կրթություն ստանալ այստեղ։
«Ես շատ էի ուզում այստեղ մնալ և այստեղ սովորել, երբ իմացա, որ կրթությունս դպրոցում անվճար է դարձել, շատ ուրախացա, քանի որ մնացի գյուղում և մինչև վերջ հաճախեցի իմ դպրոց։ Սակայն նորից խնդիրներ առաջացան, ինչի համար էլ իմ միակ նպատակն էր ստանալ Վարստանի քաղաքացիություն։ Ամենաշատը ուզեցել եմ, որ քաղաքացիություն ունենամ, դրա ամենառաջին պատճառը եղել է կրթությունս։ Այդ ժամանակ շատ մարդիկ էին ասում, որ եթե Վրաստանի քաղաքացի չես, ապա համալսարաններում կրթության վարձը կկրկնապատկվի, սակայն նախքան դպրոցս ավարտելը արդեն նպատակիս հասա և ունեցա Վրաստանի քաղաքացիություն և դպրոցս ավարտելուց արդեն հստակ էր որոշումս, որ սովորելու եմ Թբիլիսիում»։
Լիդան հիմա սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Գոհ է իր ընտրած մասնագիտությունից և կարծում է, որ իր ակտիվության և ինտեգրման պատճառն այն է, որ նա Թբիլիսիում է սովորում, եթե Հյասատան գնար, ապա այսչափ ակտիվ չէր լինի։
«Ընդհանուր կրթության անվճար դառնալը և Վրաստանի քաղաքացիության ստանալը մեծ դեր է խաղացել թե իմ ապագայի, թե ներկայի մեջ, քանի որ հենց դրա համար ես չգնացի Երևան, սակայն մտածում եմ, որ եթե Երևանում սովորեի, այսքան ակտիվ չէի լինի, եթե գնայի Հայաստան որոշված էր, որ պետք է սովորեմ բժշկական համալասարանում, որն էլ իմ սրտով չէր։ Ես իմ ապագան տեսնում եմ Վրաստանում։ Ես ինձ Վրաստանում զգում եմ հասարակության լիիրավ անդամ, իմ իրավունքները երբեք չի ոտնահարվել։ Ախալքալաքում եմ տեսնում ապագաս, և ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, որ կրթություն ստանալուց պետք է մնան Թբիլիսիում, ես կարծում եմ, որ դա սխալ է, եթե մենք հետ վերադառնանք, մեր քաղաքը նույնպես կզարգանա»,-ասում է Լիդան։
Բացի համալասարանում սովորելուց Լիդան մասնակցում է շատ ծրագրերի, հիմա արդեն աշխատում է «Կարմիր խաչ»-ում։
«Բացի կրթություն ստանալուց մասնակցում եմ տարբեր ծրագրերի, հիմա աշխատում եմ «Կարմիր խաչի» Ախալքալաքի բաժնում, որպես կենտրոնի կոորդինատոր։ Ամենառաջին ծրագիրը, որին մասնակցել եմ Pita-ն է, որտեղ էլ մասնակցել եմ տարբեր սեմինարների, վերապատրաստվել, այնուհետև ինքս եմ անցկացրել թրեյնինգներ Ախալքալաքի տարբեր գյուղերում։ Հիմա արդեն գրանցվել եմ որպես Վրաստանում ակտիվ կամավոր, և Եվրամիության աջակցությամբ ստեղծվել է իմ նկարով օրացույց, որտեղ ներգրավված են եղել տարբեր ժամանակաշրջանների այնպիսի մարդիկ, ովքեր մեծ դեր են ունեցել զարգացման մեջ, և ես հպարտությամբ եմ նշում, որ այդ մարդկանց շարքում եմ»։
Լիդայի առաջնային նպատակն այն է, որ իր հասակակիցները ինտեգրվեն վրաց հասարակությունում և դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիներ, նա միշտ փորձում է դեմ գնալ այն կարծրատիպերին, որոնք սահմանափակում են երիտասարդների զարգացմանը։
Այն հարցին, թե արդյո՞ք Լիդան տեղյակ է, թե ինչպես փոխվեց իր ապագան և ինչպես ինքը ընդհանուր կրթություն ստացավ անվճար, նա ասաց․ «Տեղյակ չեմ, թե ինչպես է ստացվել, կամ ինչ է եղել, միայն գիտեմ, որ շատ ուրախ եմ և շնորհակալ այդ օրենքը ընդունողից կամ հեղինակից»։
2014 թվականին «Ռուսաստանի քաղաքացիներ՝ Հովհաննես Դարբինյանը, Ռուդոլֆ Դարբինյանը, Սուսաննա Ժամկոչյանը և Հայաստանի քաղաքացիներ՝ Միլենա և Լենա Բարսեղյանները» դիմել էին դատարան, քանի որ պետությունը չի ֆինանսավորել նրանց ընդհանուր կրթությունը: Ըստ այդմ Սահմանադրական դատարանը որոշել է, որ անվճար դպրոցական կրթությունը Վրաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի իրավունքն է՝ անկախ քաղաքացիությունից: Եվ այդ ժամանակից այս կողմ դպրոցական կրթությունն անվճար եղավ՝ նաև այլ երկրի քաղաքացիների համար։ Վերոնշյալ 5 քաղաքացին փոխել են ոչ միայն իրենց, այլ շատերի, և այդ թվում՝ Լիդա Ալմասյանի ապագան։
Հովհաննես և Ռուդոլֆ Դարբինյանների մայրը՝ Արաքսյա Դարբինայնը հիշում է, որ երեխաների կրթության համար մի անգամ վճարել են, սակայն հույս են ունեցել, որ կփոխեն այդ օրենքը։
«Չեմ հիշում 6-րդ թե 7-րդ դասարանում էին, երբ մեզ ասացին, որ պետք է ժամանակավոր կացության փաստաթուղթ ունենան, որպեսզի գումար չվճարենք, մենք էլ սկսեցինք ժամանակավոր կացության փաստաթուղթ հանել, մոտ մեկ տարի հետո ասացին, որ դա էլ չի անցնի, պետք է ունենան երկքաղաքացիություն, մենք էլ այդ ժամանակ չուզեցինք երկքաղաքցիություն։ Երեխաներին մոտ մեկ շաբաթ դպրոց չթողեցին և մենք ստիպված գնացինք վճարեցինք, կոնկրետ չեմ հիշում, բայց 400 լարուց ավել էր, մոտ 480 լար։ Ներկայացրեցինք կտրոնները և երեխաներին թողեցին դպրոց։ Դրանից հետո մենք դատարան դիմեցինք։ Մի քանի ծնողով գնում էինք տարբեր տեղեր, Նարցիսի (Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար) մոտ, օմբութսմենի ներկայացուցիչների մոտ։ Իրավաբաններն այդ մասին իմացել են օմբութսմենից և իրենք են գտել մեզ, խոսեցինք իրավանաբնների հետ, նրանք ասացին, որ կփորձեն մի բան անել, որ մենք հաղթենք։ Հետո նորից եկավ այդ իրավաբանը և շնորհավորեց մեզ, ասաց, որ մենք հաղթել ենք դատը։ Երբ որ դատական գործընթացը շարունակվում էր, մենք ոչ մի այլ վճարում չենք արել։ Իսկ այն մուծած գումարը հետ չվերադարձրին», – ասում է Արաքսյան։
Դադարան են դիմել խմբով, այդպիսի խնդիր ունեցողներ շատ են եղել, սակայն ինչպես Արաքսյան է նշում ծնողների մի մասը վախեցել է, մյուս կեսը՝ երկքաղաքացիություն է հանել։ Արաքսյան մտածել է, որ դատը չեն հաղթելու և ոչ ոք չի պատկերացրել, որ դա կգործի։
Վրաստանում երեխաները այլ խնդիրներ չեն ունեցել մինչև կորոնավարակը։ Հենց սկսվել է կորոնավարակը, խնդիր է եղել միայն սահմանին։ Սահմանին նրանց ասել են, որ ժամանակավոր կացության փաստաթուղթը ներկա դրությամբ ոչ մի դեր չի խաղում և նրանք չեն կարող այդ փաստաթղթով հատել սահմանը։
Հովհաննես և Ռուդոլֆը սովորում են «Ռուսհամագործակցություն» ծրագրով, լիովին անվճար, եթե չլիներ այդ ծրագիրը հնարավոր է, որ կամ Վրաստանում, կամ Հայաստանում սովորեին։ Սակայն Վրաստանում, որպես երկրի քաղաքացիներ, նրանք արդեն չէին կարող հավակնել անվճար ուսուցման, այդ պատճառով այդ ծրագիրը նրանց համար «գտածո» էր:
Մինչ Դարբինյանների դատարան դիմելը և գործը շահելը, վճարովի կրթություն ստանալուց տուժել է մեկ այլ քաղաքացի, ով գումար չվճարելու պատճառով 9-րդ դասարանից դուրս է մնացել դպրոցից։
Արմանի ծնողները ստիպված են եղել իրենց որդուն դպրոցից հանել, քանի որ երկու աշակերտի գումար վճարելը հեշտ չի եղել, այն դեպքում, երբ տարեկան մի երեխայի համար 300 ԱՄՆ դոլլար էր կազմում:
«Իմ երկու երեխաները սովորում էին դպրոցում, երկուսն էլ Ռուսաստանի քաղաքացի են: Տնօրենն ամեն օր, ամեն րոպե զանգում ու ասում էր, որ պետք է վճարեմ երեխաների դպրոցի ուսման համար, հետո ասացին, որ պետք է ժամանակավոր կացության փաստաթուղթ, դա էլ արեցինք, սակայն նորից ասացին, որ պետք է վճարենք։ Աղջիկս մեծ էր արդեն, 12-րդ դասարան, նա մի կերպ ավարտեց դպրոցը, սակայն ատեստատը չտվեցին մեկ տարի, մի տարի էլ դրա համար ենք չարչարվել։ Գումարը չէի վճարել, չէին տալիս։ Բայց որդուս ոչ մի կերպ չկարողացանք թողնել դպրոցում, այնքան զանգեցին գումար պահանջեցին, որ ստիպված եղա 9-րդ դասարանից հանել որդուս դպրոցից։ Վճարը քիչ չէր, երկու երեխային մոտ՝ 600 դոլլար էր կազմում»։
Արմանը (պայմանական անուն) դպրոցից դուրս է գալիս, և այլևս ոչ մի տեղ չի շարունակում իր կրթությունը։ Նա աշխատանքի է տեղավորվում ավտոլվացման կետում և մինչ օրս այդտեղ է աշխատում։
Դարբինյանների հաղթած դատական գործը այլոց համար նույնպես հաղթանակ էր, սակայն եղան նաև այնպիսինները, որորնց դպրոցական կրթությունը մնաց անավարտ, անավարտ մնաց նաև նրանց ապագայի պատկերացումներն ու երազանքները։