Անհատ ձեռնարկատեր Սվետլանա Սերոբյանն Ախալքալաքի LAG-ի ֆինանսավորմամբ ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում իրականացրել է նախագիծ։ Նա ընտանեկան բիզնես էր բացել, որտեղ ամուսնու հետ փայտից տարբեր իրեր և աքսեսուարներ էին պատրաստում վաճառքի համար։ Ձեռնարկատերը վերադարձրել է իր կողմից ներդրած գումարի մի մասը, սակայն բիզնեսն այժմ չի աշխատում պատվերներ չլինելու պատճառով։

Արհեստանոցում, որտեղ վերամշակվում էր փայտը, հիմնականում աշխատում էր Սվետլանա Սերոբյանի ամուսինը՝ Գիորգի Մելիքիձեն։ Այն այժմ փակ է, մնացել են միայն այն գործիքները, որոնք գնել են դրամաշնորհի գումարով և որոնք մինչ այդ ունեին։

Գիորգի Մելիքիձեն փայտից պատրաստում էր տարբեր իրեր և աքսեսուարներ՝ սուրճի սեղաններ, աթոռներ, ժամացույցներ, ջահեր և այլն։ Պատրաստի ապրանքները վաճառում էին ինտերնետի միջոցով՝ Թբիլիսիում, Ախալքալաքում։ Այն ամենը, ինչը նա պատրաստել էր, վաճառված է: Արդեն մեկ տարի է ոչ ոք ոչինչ չի պատվիրել, քանի որ ապրանքի ինքնարժեքը թանկացել է։ Արհեստանոցը փակ է։

«Մենք դադարեցրինք բիզնեսը, քանի որ ինքնարժեքը բարձրացավ, և այլևս չէր վաճառվում: Ինչ կար վաճառվել է, նոր պատվերներ չկան: Մինչ համավարակը ամեն ինչ լավ էր, մեր արտադրանքը բացառիկ էր, տարբերվում էր մյուսներից։ Համավարակից հետո ամեն ինչ քառապատիկ թանկացավ, մենք ևս 4 անգամ թանկացրինք մեր արտադրանքը, բայց մարդիկ դադարեցին գնել»,- ասում է Գիորգի Մելիքիձեն։

Նրա խոսքով, իրենք բավականին շատ պատվերներ էին ունենում Թբիլիսիի ռեստորաններից։ Նա տարատեսակ իրեր և աքսեսուարներ պատրաստելու համար օգտագործում էր արդեն գործածված կամ ոչ պիտանի փայտ, ինչպես նաև թելքավոր փայտ։

«Մենք արտադրում էինք էկոլոգիապես մաքուր արտադրանք: Փայտի վերամշակման համար օգտագործում էինք էպոքսիդ։ Եթե նախկինում սեղանը վաճառում էինք 200 լարիով, ապա հիմա մեկ լիտր էպոքսիդն արժե 200 լարի, իսկ սեղանը մշակելու համար օգտագործում ենք 20 լիտր էպոքսիդ։ Որքա՞ն լարիով վաճառենք»,- ասում է Գիորգի Մելիքիձեն։

Դրամաշնորհի գումարով նրանք գնել են փայտի մշակման ատաղձագործական սարքավորում, կարկին, տարբեր գործիքներ։

Գիորգի Մելիքիձեն հույս ունի, որ իրավիճակը կբարելավվի, և նրանք նորից կկարողանան շարունակել իրենց բիզնեսը։