Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները քաղաքապետարանի ծառայության պետերի հետ քննարկել են քաղաքապետարանում ենթակառուցվածքային աշխատանքների հետաձգման պատճառներն ու հետևանքները: Հանդիպումը կազմակերպվել էր Սակրեբուլոյի պատգամավորների նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 21-ին, Սակրեբուլոյի շենքում պատգամավորները հանդիպել են քաղաքապետարանի ծառայության պետերին՝ քննարկելու և բացատրություններ ստանալու, ըստ իրենց, քաղաքապետարանի ծառայությունների վատ աշխատանքի մասին, ինչի պատճառով մունիցիպալիտետում հետաձգվում են ենթակառուցվածքային աշխատանքները:
Մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչների ներկայանալը և քննարկումների սկսումը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները շնորհավորեցին Հայաստանին Անկախության օրվա առթիվ:
Պատգամավորների հետ հանդիպմանը եկել էին քաղաքապետարանի ոչ բոլոր ծառայության պետերը, ինչը դժգոհություն առաջացրեց պատգամավորների շրջանում, քանի որ նրանք ցանկանում էին հարցեր հղել և ստանալ պատասխաններ հենց ծառայության պետերից, և այս հանդիպումը հիմնականում կազմակերպվել էր հենց այդ նպատակով:
«Բյուրոյի նիստերին քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարող պատասխանել մեր հարցերին, ուստի մենք որոշեցինք կազմակերպել այս հանդիպումը: Մենք, պատգամավորները, տնտեսության ծառայությունը, երբ գյուղեր ենք այցելում, խոստանում ենք, որ տվյալ աշխատանքն անպայման գյուղում կիրականացվի, բայց հետո այդ աշխատանքը չի արվում, և խոստացողը ստախոս է դառնում, այն պատճառով, որ քաղաքապետարանն այդքան էլ լավ չի կատարել իր գործը: Անցյալ տարի՝ տարեվերջին, մենք շատ աշխատանքներ չկարողացանք իրականացնել: Մենք ցանկանում էինք այս հանդիպումն անցկացնել ծառայությունների պետերի հետ այդ իրավիճակը պարզելու համար », – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Պատգամավորների դժգոհությունը հիմնականում կայանում է նրանում, որ նախագծանախահաշվային փաստաթղթերը սխալ են կազմվում, որի պատճառով ոչ ոք չի մասնակցում տենդերներին, ու արդյունքում տուժում է բնակչությունը:
Կումուրդո (Գումբուրդո) տարածքային շրջանից Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Սահարյանը նշեց, որ սխալ կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատճառով մունիցիպալիտետում հետաձգվում են ՕԳԾ-ով կատարվող աշխատանքները, մասնավորապես` Կումուրդո, Դադեշ, Չունչխա, Գոման, Գոգաշեն գյուղերում:
«Եթե կազմվում է ինչ֊որ նախագծի նախագծանախահաշվային փաստաթուղթը, ես գիտեմ, որ այն կազմվում է Թբիլիսիում, ապա քաղաքապետարանում տենդերը հայտարարելուց առաջ, այն ստուգվում է քաղաքապետարանի կողմից, թե ոչ, ես չգիտեմ: Որովհետև ընկերությունները, նախագծանախահաշվային սխալների պատճառով, չեն մասնակցում տենդերներին», – ասել է Աշոտ Սահարյանը:
Այս հարցին Ախալքալաքի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության պետ Արշակ Մինասյանը պատասխանեց հետևյալը.
«Ամբողջ տարվա նախագծերը և նախահաշիվները կազմելու իրավունքը շահել են տենդերի արդյունքում: Տենդերը շահել են երկու հեգի: Մենք նախագծեղների հետ խնդիրներ ունենք, որոնք իր հերթին կապված են ՕԳԾ-ի աշխատանքների հետ, մենք մի քանի անգամ չենք ընդունել աշխատանքները, նրանք եկել են մեզ մոտ, մենք քննարկել ենք նրանց հետ, բայց այս հարցը լրիվությամբ չլուծվեց»:
Սակրեբուլոյի նախագահը նշել է, որ նման դեպքերում քաղաքապետարանն իրավունք ունի խզել նրանց հետ պայմանագիրը:
Պատգամավոր Զաքար Զաքարյանին հետաքրքրում էր, թե որտեղից և ինչ սկզբունքով են գները գրվում նախահաշվարկներում:
Այս հարցին, Արշակ Մինասյանը պատասխանեց, որ նախագծողներն ունեն գնացանկ, որը թարմացվում է յուրաքանչյուր եռամսյակ, և իրենք գները գրում են ըստ այս գնացուցակի:
Պատգամավոր Գենադի Էլիզբարյանին հետաքրքրում էր, թե ինչու որոշ աշխատանքներ, որոնք արդեն 4-5 ամիս է ունեն նախագծային նախահաշվարկային փաստաթղթեր, դեռ մրցույթ տենդերի չեն հանվել, օրինակ՝ Կարտիկամի մանկապարտեզը:
Ախալքալաքի փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեն պատասխանեց, որ իրենք այդ աշխատանքը հանել են տենդերի, բայց ոչ ոք չի մասնակցել դրան, և այժմ նրանք կազմում են ուղիղ պայմանագիր: Հարցին, թե ինչու է տենդերը այդքան ուշ հայտարարվել, նա չկարողացավ պատասխանել:
Այս հարցին պատասխանեց Արշակ Մինասյանը, ասելով, որ իրենք հավաքագրում են նույնատիպ տենդերները ու հետո միասին հայտարարում:
Խոսվեց նաև գյուղերում վատ կատարված լուսավորության աշխատանքների մասին, ինչը պայմանավորված է նախահաշիվը վատ կազմելու փաստով:
Պատգամավորները նշեցին, որ շատ աշխատանքների առումով նախահաշիվը չի համընկնում իրականության հետ, օրինակ` 145 ք / մ մակերեսով առաստաղը նախահաշվում նշված է 400 ք / մ: Այդ պատճառով շատերը տեսնելով նախահաշիվներում և նախագծերում նման անճշտություններ չեն մասնակցում տենդերին:
Նրանք նաև քննարկեցին, թե ինչու է 4-5 տարի անընդմեջ գումար հատկացվում մեկ նախագծի համար, սակայն այն դեռ չի կառուցվել կամ չի գործում:
Պատգամավոր Սիմոն Մանանյանը Ալաստանի տարածքային շրջանից բացատրություն էր պահանջում, թե ինչու Ալաստան գյուղի ջրամատակարարման համակարգը կառուցվում երեք տարի շարունակ, ամեն տարի գումար է հատկացվում, բայց դեռ ջուր չկա, և ինչու են նրանք չորս տարի է խոստանում են մանկապարտեզ կառուցել գյուղում և չեն կառուցում, չնայած գյուղում շենք կա, որը պարզապես պետք է հարմարեցնել դրան:
Արշակ Մինասյանը պատգամավորին պատասխանեց, ասելով, որ այս տարի ջուրը կլինի:
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ նախահաշվարկային աշխատանքները միշտ չէ, որ ստուգվում են նախքան տենդերի տեղադրումը:
Արշակ Մինասյանն ասաց, որ նախահաշվարկների ստուգումն իր պարտականությունը չէ, ինչին ի պատասխան Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պատասխանեց.
«Չեք կարող ստուգել, ընդունեք մասնագետների, ովքեր դա կարող են անել, բայց մենք լրացուցիչ հաստիքներ չենք բացելու, աշխատանքից ազատեք նրանց, ովքեր գալիս են աշխատանքի ոչ թե աշխատելու, այլ սուրճ խմելու և ընդունեք լավ աշխատողների»:
Պատգամավորների հարցերի մեծ մասին պատասխանեցին Արշակ Մինսայանը և Շալվա Բալախաձեն, չնայած ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանը և Ախալքալաքի քաղաքապետարանի պետական գնումների վարչության պետ Ռոզա Յորդանյանը: