Վրաստանում սկսվել է այն ուսանողների գրանցումը, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել հայրենիքում: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային քննությունների և գնահատման կենտրոնը:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր առնվազն 75 օր սովորել կամ սովորում են օտար երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում, հնարավորություն ունեն ուսումը շարունակել Վրաստանում: Դա անելու համար նրանք պետք է հայտ ներկայացնեն Վրաստանի ազգային քննությունների և գնահատման կենտրոն և գրանցվեն հունվարի 20-ի ժամը 09:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 18:00-ն: Հայտադիմումը կընդունվի նաև էլեկտրոնային եղանակով՝ gancxadebebi@naec.ge հասցեով:
Ուսանողները պետք է հանձնեն միայն մեկ քննություն: Դա անելու համար հարկավոր է ստանալ թեստի համար սահմանված առավելագույն գնահատականի 50%-ից ավելին: Մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև հայտադիմումի ձևը և թեստի փորձանմուշը կարող եք տեսնել՝ այստեղ:
Քննության օրվա և վայրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի Վրաստանի ազգային քննությունների և գնահատման կենտրոնի կայքում՝ գրանցման ավարտից հետո: