Ախալքալաքի երեք մանկապարտեզների ավելի քան 400 սաներից Կումուրդո գյուղի մանկապարտեզ է գնում միայն 36-ը, մնացած երեխաները ստիպված են տանը մնալ, քանի որ երեք նախադպրոցական հաստատությունները, վերանորոգման նպատակով, մոտ 2 տարի փակ են լինելու։ Այն երեխաները, որոնց ծնողները պաշտոնապես աշխատում են, տեղափոխվում են Կումուրդո: Սեպտեմբերի 16-ից Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղի մանկապարտեզ է հաճախում քաղաքի մանկապարտեզների 36 երեխա։ Մինչև քաղաքի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ավարտը՝ մոտավոր 2026 թվականի վերջ, երեխաները կհաճախեն Կումուրդո գյուղի մանկապարտեզ։
«Երեխաներից երկուսն անապահով ընտանիքներից են, երկուսն էլ խնդիրներ ունեն, մնացածը աշխատող ծնողների երեխաներ են։ Այդ նպատակով մունիցիպալիտետն երկու մեքենա է հատկացրել։ Կումուրդո գյուղի մանկապարտեզում մեծ դահլիճ կար, մենք այն դարձրինք երեխաների սենյակ, ստեղծեցինք խումբ»,- ասաց Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Նրա խոսքով, տրանսպորտավորման հետ կապված խնդիրներ չկան։ Երեխաների հետ գնում են նաև մանկավարժները:
Նշենք, որ քաղաքի բոլոր մանկապարտեզներն այս տարի հիմնովին վերանորոգվում կամ կառուցվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ Սկզբում պետք է վերանորոգվեր ընդամենը երկու շենք՝ թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզները։ Այս նախադպրոցական հաստատությունների երեխաները գնում էին թիվ 3 մանկապարտեզ, սակայն հետո որոշում է կայացվում վերանորոգել նաև թիվ 3 մանկապարտեզը։
Թիվ 3 մանկապարտեզը վերանորոգվում է «Լագի Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից, ընդհանուր պայմանագրային արժեքը, ներառյալ բոլոր աշխատանքները և ծառայությունները, կազմում է 3`261`495,00 լարի: Գնացուցակային գինը՝ 1`775`269.93 լարի է: Պայմանագրի վերջին ժամկետը 2026 թվականի վերջն է։
Թիվ 2 եւ թիվ 1 մանկապարտեզները վերանորոգում է «Մեդմշեն» ՍՊԸ-ն՝ 7 522 000 լարիով, իսկ մոտավոր գնացուցակային գինը՝ 1 830 175,19 լարի։ Աշխատանքային պայմանագիրը գործում է նրա ստորագրումից հետո 833 օր՝ մինչև 2026 թվականի վերջ։