Ախալքալաքի մանկապարտեզների նոր խմբերի համար դաստիարակների և դայակների թափուր տեղերի մրցույթը կայացավ: 132 հայտատուներից մրցույթին մասնակցելու էր հրավիրվել 38 հոգի: Նրանցից 14-ը կնդունվեն աշխատանքի:
Ինչպես հաղորդեց Ախալքալաքի շրջանի մանկապարտեզների միության տնօրենը, ընտրության առաջին փուլն անցկացվել է ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ելնելով թեկնածուների ունեցած կրթությունից:
«Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը նախադպրոցական կրթությամբ մանկավարժ լինելն է, սակայն, ծայրահեղ դեպքում գոնե կրթությամբ ուսուցիչ պիտի լինի: Իսկ դայակ աշխատելու համար բավարար է բուժքրոջ կրթությունը: Հարցազրույցին հրավիրված էին այս պայմաններին համապատասխանող թեկնածուները», – ասաց նա:
5 նոր խմբերում աշխատելու համար աշխատանքի կնդունվի 14 մարդ:
Մրցութային հանձնաժողովի մեջ ներառված են մանկապարտեզի մենեջերները, Սակրեբուլոյի մի քանի պատգամավորներ, Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանը և Մանկապարտեզների միության տնօրեն Զարուհի Բարբարյանը:
Աշխատողների ընտրության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հարցազրույցից հետո՝ 14 օրվա ընթացքում: Որոշումը կկայացվի ըստ մրցութային հանձնաժողովի անդամների գրանցված բալերի:
Մրցույթն անցկացվեց փետրվարի 8-ին: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրածներից շատերը դեռ սպասում են, որ նրանց կանչեն հարցազրույցի, քանի որ ասվել է, որ կզանգեն կամ կգրեն sms:
Նոր խմբները Ախալքալաքի մանկապարտեզներում, նախադպրոցական կրթության բարձր պահանջարկի պատճառով, դեռևս 2016թ.-ին էր որոշվել բացել, սակայն, տարբեր պատճառներով, գործընթացը հետաձգվում էր: