Այս շաբաթ օդերևութաբանները կանխատեսում էին առատ ձյուն Ախալքալաքում և լեռնային այլ շրջաններում: Դեռ երեկ երեկոյան ձյուն էր գալիս, իսկ առավոտյան Ախալքալաքի փողոցներում փռում էին ազդանյութ՝ ճերմակ ձյունը վերածելով տիղմի ու ցեխի:
Առավոտվանից բեռնատար մեքենան երևում էր քաղաքի կենտրոնական մասով, որտեղից էլ ազդանյութը լցվում էր փողոցների վրա, հենց այսպես էլ մունիցիպալ իշխանությունները պայքարում են փողոցների վրա գոյացած մերկասառույցի դեմ: Այս տարի բյուջեով 100 000 լարի է հատկացվել «քաղաքային կամ գյուղական տեղայնքներում մաքրման և սանիտարական ծառայությունների…» համար: Այսինքն՝ գումարը հատկացվել է ոչ միայն քաղաքի, այլ նաև գյուղական ճանապարհները մաքրելու համար, եթե դրանք փակվել են առատ ձյան և ձնաբքի հետևանքով:
Տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինական ընկերությունը՝ 100 000 լարի չափով: Այս նպատակների համար նույնչափ գումար էր հատկացվել նախորդ տարվա բյուջեում: Ախալքալաքի քաղաքապետարանի և ճանապարհաշինական ընկերության միջև պայմանագրի գործողության ժամկետը 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն է: