Ախալքալաքի քաղաքապետարանը ակտիվ սկսել է աշխատել Նալբանդյան փողոցը առևտրական սեղաններից ազատելու ուղղությամբ։ Սակայն փողոցի առևտրականները դրանից շատ դժգոհ են:
Այսօրվանից մթերք վաճառողները պետք է տեղափոխվեն քաղաքի շուկա, իսկ այն անձիք, ովքեր խանութի դիմաց են առևտրական սեղաններ դրել, պետք է խանութ տեղափոխվեն, ազատելով մայթերը։
Առավոտվանից երկխոսություն էր տեղի ունենում քաղաքապետարանի ներկայացուցիչների և առևտրականների միջև։
“Եկան ասացին, որ ապրանքը պետք է տանենք ներս, մեքենաները պետք է դրսում կանգնեցնենք։ Բայց նրանք հարցրե՞լ են մեր վիճակի մասին։ Մենք օրենքին դեմ չենք գնա, բայց շուկայի տարածքը շատ փոքր է, ինչպես ենք տեղավորվելու այդ փոքր տարածքում։ Երկու բանկում վարկ ունեմ, ինչպես եմ վճարելու”, – ասաց առևտրականներից մեկը։
Ըստ առևտրականների խոսքերի քաղաքապետարանի աշխատակիցները նրանց ասել են, որ եթե չազատեն տարածքը, ապա կտուգանեն։
“Ասում են կտուգանեն, խեղճ ժողովուրդը ինչ անի։ Թող կազինոները փակեն, ընտանիքներ են քանդում, մենք ինչ ենք անում, աշխատում ենք, որ ընտանիք պահենք”, – ասաց Նալբանդյան փողոցում կանգնած մեկ այլ առևտրական։
Առևտրականներին ասել են, որ այսօրվանից պետք է տեղափոխվեն կամ խանութներ, կամ շուկա։ Սակայն առևտրականները պնդում են, որ եթե ինչ որ մեկը չտեղափոխվի, իրենք էլ կմնան Նալբանդյան փողոցում։
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նրանք չեն ցանկանում տուգանքների համակարգով կարգավորել հարցը, սակայն եթե այլ կերպ չստացվի, ստիպված կլինեն դիմել խիստ միջոցների։
“Իհարկե որոշ դժվարություններ կան, սակայն ինչ խոսք որոշել ենք անպայման շուկա տեղափոխել բոլոր դրսի առևտրականներին, դժվար է, սակայն պետք է իրականացնել։ Այսօր առավոտյան էլի մեր աշխատակիցները զգուշացրել են, որ արդեն տեղափոխվեն շուկա”, – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։
Նրա խոսքերով, շուկայի տարածքը բավարար է, որպեսզի բոլոր առևտրականները տեղավորվեն այնտեղ, սակայն առանց մեքենաների։
“Մեր աշխատակիցները հաշվարկ են կատարել տեղում, տարածքը բավարար է բոլորի համար”, – հավելեց նա։
Գայանե Ակոջյան