Հունվարի 11-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է հայտարարություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի կատարման հարցերը, տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերը, բնակիչների օգնությունը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ու զարգացումը:
Ինչպես փոխանցում է «PanArmenian»-ը և այլ աղբյուրներ` Մոսկվայում, եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրվել է հայտարարություն, որի հիմնական կետերը հետևյալն են.
1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի առաջարկը:
2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները:
Ռուսաստանի նախագահը հանդիպումը սկսելիս ընդգծել է հանգուցային հարցերի շրջանակը, որոնք օրակարգում են:
«Նկատի ունեմ հարցեր խաղաղապահների, սահմանազատման գծերի ճշգրտման, հումանիտար և մշակութային հուշարձանների պահպանման հետ կապված։ Հատուկ ուշադրության են արժանի տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Նախատեսված է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը, որը կգլխավորեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը», – հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Կրեմլում, Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ բանակցությունները:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները առաջին անգամ են հանդիպում Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո:
Այսօր Կրեմլում ընթանում են նաև Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ առերես հանդիպումները: