Այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Կրակել են ընտրություններին մասնակցող «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա։
Թեկնածուն «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել իր տան բակում՝ Նորք-Մարաշում։ Ինքը՝ Բաբաջանյանը, կրակոցի ձայն չի լսել, մեքենայի վնասվածքը նկատել է առավոտյան՝ ընտրության գնալիս, բայց ասում է, որ հարևանները ձայներ լսել են։ «Հետք»-ի հարցին՝ որևէ վարկա՞ծ ունի, թե ով կարող է կանգնած լինել միջադեպի hետևում, Բաբաջանյանն ասել է, որ շատ վարկածներ ունի, սակայն կխոսի այսօր՝ ավելի ուշ։
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը նշել է, որ, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենով է արձակվել կրակոցը։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2 581 093 քաղաքացի։