Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

«Առաջիկա ամիսներին մենք որևէ ձևով հրապարակը չենք լքելու: Փողոցային պայքարը շարունակվելու է»,- այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը գլխավորում է Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու հանդիսանում է շարժման վարչապետի թեկնածուն։

Նրա փոխանցմամբ՝ շարժումը դառնալու է ավելի ընդգրկուն, տարածվելու է ողջ Հայաստանով, դառնալու է «օրակարգ թելադրող»։ Լրագրողներն արքեպիսկոպոսից հետաքրքրվել են՝ ո՞րն է այդ օրակարգը։ Ի պատասխան՝ Գալստանյանը նշել է, որ իրենց օրակարգն իրական, ոչ թե հարկադրանքի տակ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններն են։ Կարծում է՝ նման բանակցությունների համար անհրաժեշտ է Հայաստանի օրենքների և միջազգային սկզբունքների պահպանում, երաշխավորների ներգրավվածություն։

Անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին, որի դադարեցման պահանջով ի սկզբանե ձևավորվել էր շարժումն ու երթով Կիրանցից Երևան հասել։

«Ասում են՝ ինչու Կիրանցը, սահմանազատումը մոռացան։ Չենք մոռացել ոչ մի բան, դա ամբողջ փաթեթի մեջ է»,- արձանագրել է նա և հավելել՝ լուծումը մեկն է՝ վարչապետի հեռացումը։

Ի՞նչ այլընտրանք է առաջարկում շարժումը

«Մենք ենք իրական, կայուն և երկարաժամկետ խաղաղություն բերողը, այս մարդը [նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին] պատերազմ բերողն է, պատերազմը անընդհատ և տևապես շարունակողն է»,- հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն։

Նրա խոսքով՝ ունեն «օրինակելի օրակարգ», այն է՝ հասնել իրական բանակցությունների և Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանի շուրջ «թելադրել» հետևյալ պայմանները՝

  • ռազմագերիների վերադարձ,
  • Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի իրացում,
  • սահմանազատման և սահմանագծման իրականացում միայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

«Չի լինում այդպես, որ դու երկիրդ բաժան-բաժան անես, բոլոր հարկադրանքներն ու թելադրանքները կատարես: Դրանից հետո ո՞վ է քեզ հետ խաղաղություն կնքելու։ Ինչի՞ համար կնքեն և անընդհատ պահանջները չշատացնեն»։
Հերթական անգամ արձանագրել է՝ Փաշինյանի իշխանությունը հարկադրանքի ներքո միակողմանի զիջումների է գնում։

Իմպիչմենտի հարցը դեռ օրակարգո՞ւմ է

Լրագրողները Բագրատ Սրբազանին հարցրել են՝ ի՞նչ ճանապարհով են փորձելու հասնել իրենց կողմից հայտարարված նպատակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, եթե չունեն բավարար չափով աջակիցներ խարհրդարանում։ Արդյո՞ք շարունակում են դիտարկել իմպիչմենտի հնարավորությունը։ Եվ նա պատասխանել է՝ քննարկվում են հնարավոր բոլոր տարբերակները․

«Կարևորը իրավական ճանապարհով արդյունքի հասնելն է։ Մարտավարությունն ինչպիսին կլինի՝ կորոշի շարժման կազմակերպչական կամ գաղափարական թիմը»։

Շեշտել է՝ քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ են աջակցում շարժմանը, մեծ ու փոքր կուսակցություններ։ Վարչապետի հրաժարականի հարցի շուրջ կա «համախոհություն»։

Ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեն հրաժարվելու իրենց մանդատներից, ինչը կհանգեցնի խորհրդարանի ցրմանն ու նոր ընտրությունների։ Այդպիսով նրանք կարող են հասնել գործող վարչապետին հեռացնելու իրենց նպատակին։ Եվ իշխող թիմի ներկայացուցիչները բազմիցս խորհուրդ են տվել ընդդիմադիր պատգամավորներին հրաժարվել մանդատներից՝ իրենց նպատակին հասնելու համար։ Սակայն ընդդիմությունը չի շտապում հետևել այս խորհրդին։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակի մասին հստակ որևէ բան արքեպիսկոպոսն էլ չասաց, նշեց միայն, որ դա «քաղաքական լուծումներից, թվացյալ տարբերակներից» մեկն է։

«Այն մարդը չեմ, որ մարտի 1-ին քաղաքական գնահատական տամ»

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը զուգահեռներ էր անցկացրել հունիսի 12-ի հանրահավաքի ընթացքում ոստիկանների ձեռնարկած գործողությունների և 2008 թ․-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների միջև։ Այսօր, սակայն, հայտարարել է՝ իր հնչեցրած կարծիքը չի եղել քաղաքական գնահատական։

«Այն մարդը չեմ, որ մարտի 1-ին քաղաքական գնահատական տամ։ 6 տարի դատարանը իրենց ձեռքում է, թող բացահայտեն»,- հայտարարել է նա ու հավելել, որ մարտի 1-ին ինքը ՀՀ-ում չի եղել։

Մարտիմեկյան իրադարձություններն, ըստ նրա, ողբերգություն են, Հայաստանի պատմության «ամենասև էջերից մեկը»։

Հունիսի 12-ի երեկոյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ԱԺ նիստին զուգահեռ բողոքի ակցիա էր իրականացնում խորհրդարանի հարակից փողոցներում։ Ցուցարարները Ազգային ժողովի շենքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելքն արգելափակելու մտադրություն ունեին։ Այն բանից հետո, երբ նրանք անցան խորհրդարանի հարակից այգու ճաղավանդակների վրայով և սկսեցին առաջանալ, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Վնասվածքներ ստացան 101 քաղաքացիներ, այդ թվում՝ ոստիկաններ։

Ընդդիմությունը պնդում է՝ դա «ահաբեկչություն» էր խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում գտնվող քաղաքացիների նկատմամբ։ Իշխող ուժի համոզմամբ՝ ՀՀ իրավապահ մարմինները կանխել են «պետության զավթման փորձը»։

«Շարժումը նախկինների հետ կապելու փորձերը սին են ու դատարկ»

Նման հայտարարություն է արել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու հավելել, որ շարժումը չունի «քաղաքական հենարան»։ Նկատել է՝ ներգրավված են «քաղաքական դաշտի բոլոր հնարավոր ուժերը»։

Անդրադարձել է նաև Հայաստանի նախկին նախագահների հետ շարժման և անձամբ իր հնարավոր առնչություններին։ Ասել է՝ «ջերմ մտերմություն ունի առաջին նախագահի ընտանիքի և Հայ ազգային կոնգրեսի, երկրորդ նախագահի շրջանակների և երրորդ նախագահի բոլոր շերտերի հետ»։

Սրբազանը հայտարարել է, որ ինքը բոլոր ժամանակներում ընդդիմադիր է եղել։

«Բոլոր ժամանակներում էլ սխալներ, թերացումներ, նույնիսկ այն աստիճանի ձախողումներ են տեղի ունեցել, որոնք անընդունելի են եղել մեզ համար։ Հենց այդ պատճառով է, որ հայտնվել ենք այս իրավիճակում»,- պարզաբանել է նա։

Շարժման առաջնորդի դիտարկմամբ՝ նախորդ երեք տասնամյակների ընթացքում կատարված ձախողումները եղել են «շտկելու ենթակա, ոչ թե ողբերգություն», ինչպես, ըստ նրա, այսօր է։

Արքեպիսկոպոսի խոսքով՝ շարժման վրա չկա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցություն։ Այսպիսով փսրձում է հերքել այն տարածված կարծիքը, որ շարժումը ղեկավարում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները՝ կատարելով Ռուսաստանի պատվերը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը արքեպիսկոպոսը բնորոշում է որպես «ազգային-ազատագրական» պայքար։