Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ GIPA Media Lab առցանց մրցանակաբաշխությունը: Ախալքալաքից և Նինոծմինդայից երիտասարդները զբաղեցրել են բազմաթիվ մրցանակային հորիզոնականներ:
Այս տարի COVID-19-ի համավարակի տարածումը փոփոխություններ մտցրեց ինչպես նախագծի իրականացման մեջ, այնպես էլ GIPA Media Lab 2020 մրցանակաբաշխության արարողությունում: Մի քանի տարի շարունակ նախագիծը հաջողությամբ իրականացվում էր Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է երկու ուղղությամբ` տեսանյութ և մուլտիմեդիա:
– Ժաննա Չոգանդարյանի և Հասմիկ Ավագյանի «Փակ երազանքներ» short տեսաֆիլմը գրավել է 2-րդ տեղը,
– Տաթև Թումասյանի, Վիլյամ Ղազարյանի և Անդրեաս Պարոնյանի տեսանյութը` «Ախալքալաքի փողոցի շները» նույնպես գրավել է 2-րդ տեղը,
– Վիոլետտա Սարգսյանի և Ջուլիետա Մանվելյանի «Ջուրը կյանք է» տեսանյութը գրավել է 3-րդ տեղը:
Հատուկ մրցանակի է արժանացել Նարինե Տոնականյանի «Ախալքալաքի վարպետը» short տեսանյութը: Յուրահատուկ ուշադրության են արժանացել Աշխեն Խաչատրյանի «Փոքրիկ օգնականը», Սլավա Ղարսլյանի «Դու խոսո՞ւմ ես վրացերեն» տեսանյութերը, ինչպես նաև Ռիմա Մառանգոզյանի ու Լամարա Հախվերդյանի` «Կյանքը խաղատնից հետո» շատ արդիական թեմայով տեսաֆիլմը:
Մուլտիմեդիա մրցույթում առաջին տեղն է գրավել Նազելի և Ռոբերտ Խաչատրյանների «Ղուլալիսի մարզահամալիրը» մուլտիմեդիա նյութը: Եվս մեկ առաջին հորիզոնական է զբաղեցրել Բուռնաշեթ գյուղից Կատյա Սարգսյանի և Արաքս Դեմուրճյանի «Ջրի աղբյուր» նյութը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է հեղինակներ՝ Լիդա Մնացյանի և Քրիստինե Հակոբյանի «Գորոդոկ» նյութը, որը Ախալքալաքում գտնվող նախկին ռազմաբազայի մասին է: Մյուս երկրորդ հորիզոնականն էլ բաժին ընկավ Ռիմա Մարանգոզյանի և Լամարա Հախվերդյանի «Կյանքը խաղատնից հետո» ֆիլմին:
Առանձնացվել են նաև Արմեն Սավայանի և Ամալյա Մղդեսյանի «Հայրիկ, ինչպե՞ս ես» և Լուսինե Նուրիջանյանի «Երջանկության բանաձևը» նյութերը:
Artefact Production prize անվանակարգում հաղթել են Վարդուհի Կուրղինյանի «Մանկությունը համավարակի ընթացքում» նյութը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի Աջարիայից տեղահանված անձանց մասին Սևակ Գաբրիելյանի, Կարեն Շահբեկյանի և Արտյոմ Քոսյանի «Ո՞ւր է իմ տունը» նյութը:
Գլխավոր մրցանակը և «GIPA»-ի բակալավրիատում ուսանելու հնարավորություն ստացավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղից Ժաննա Չոգանդարյանը:
«GIPA MEDIA LAB» դասընթացները նախաձեռնվել և իրականացվում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) կողմից, որոնք հովանավորվում են Վրաստանում ԱՄՆ դեսպանությանը: 2016 թվականից ամեն երկրորդ շաբաթ և կիրակի Ախալքալաքում և Նինոծմինդայում անցկացվում են լրագրության, կինոարտադրության և սոցիալական մեդիայի դասընթացներ, որին մասնակցում են ինչպես Ախալքալաքի, Նինոծմինդայի, այնպես էլ հարակից գյուղերի ավագ դպրոցի աշակերտները: Դասընթացներն անվճար են: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի, ի թիվս այլ մրցանակների՝ 2 շրջանավարտ ստանում է անվճար քառամյա ուսման հնարավորություն «GIPA»-ում:
GIPA MEDIA LAB-ի «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակութային Վրաստանի համար» ծրագրի նպատակն է հաղորդակցման, կինոյի, սոցիալական մեդիայի և ձեռնարկատիրության վերաբերյալ գիտելիքների փոխանցումը շրջաններում ապրող երիտասարդներին, ինչպես նաև մեդիագրագիտության մասին իրազեկումը, որը ժամանակակից աշխարհում կարևոր բաղադրիչ է բոլոր մասնագիտություններում: Դասընթացներն անցկացվում են նաև Քվեմո Քարթլիի շրջանում:
Քրիստինե Մարաբյան