Ախալքալաքում վաճառողները և սպասարկման ոլորտի աշխատողները սպասում են, որ մարդիկ վերադառնան արտագնա աշխատանքներից, գյուղացիները վաճառեն գյուղատնտեսական ապրանքը, որպեսզի արևտուրը սառած վիճակից դուրս գա:
Ախալքալաքի շրջանի բնակչության մի մասը սպասում է, որ տան տղամարդը վերադառնա արտագնա աշխատանքնից և ընտանիքը 3-4 ամիս ապրի լիարժեք կյանքով: Մի մասը սպասում է, որ գյուղատնտեսական ապրանքի գինը բարձրանա, որ վաճառի բերքը: Իսկ առևտրականները և սպասարկման ոլորտի աշխատողները սպասում են, որ վերոնշյալների սպասելիքները իրականանան:
Կյանքը Ախալքալաքում ակտիվանում է աշնան վերջ ձմռան սկիզբ։
Սպասողական վիճակը կարելի է առանձնացնել մի քանի փուլերով՝ գարնան ամիսները, երբ արտասահման գնացողները մեկնում են, իսկ գյուղատնտեսները սկսում են աշխատանքը: Հաջորդ փուլը՝ ամառվա ամիսներն են, երբ սկսվում է արտասահմանից տուն ուղարկվող փողի սպասելու շրջանը, և վերջապես աշնանային անհամբեր սպասման շրջանը՝ երբ բոլորը վերադառնում են ընտանիքներ։
Երկար սպասված այդ ամիսներին ակտիվանում է կյանքը բոլոր տեսանկյուններից, գոյանում է պսակադրության հերթեր, որին հետևում է հերթերը վարսավիրանոցներում, հարսանեական դահլիճներում, տոնավաճառներում, առևտրի կենտրոններում և այլ վայրերում, որոնք մյուս ամիսներին կարծես մոռացվում են։
Ջուլիետա Տոնականյան