Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը, այդպես էլ ամբողջությամբ չվերականգնվելով, քանդվում է: Ճանապարհը տեղ-տեղ անանցանելի է: Հատկապես այսպես կոչված «Գորոդոկի» հատվածում և Կարծախ գյուղում։ Jnews-ը փորձեց պատճառները ճշտել Տեխնիկական վերահսկողության գործակալության մարզային ներկայացուցչից։
Ախալքալաք-Կարծախ ճանապարհի սպասարկման և սկզբնական ու վերջնական հատվածների վերականգնման աշխատանքները շահել է «Արալի» ՍՊԸ-ն: Ընկերությունն աշխատում է ճանապարհի վրա, սակայն «Գորոդոկի» հատվածում և Կարծախ գյուղի միջում վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում։
Ավելի քան 31 կմ երկարությամբ Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհը կառուցվել է 2010թ.-ին: Դրանից հետո ճանապարհը հիմնովին չի վերականգնվել, բացառությամբ, Վաչիան գյուղի 1 կմ-ի, որը վերանորոգվել է 2022 թվականին, և առանձին հատվածներում մասնակի վերանորոգման աշխատանքների։
2022 թվականին Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վերականգնման մրցույթը շահել է «Արալի» ՍՊԸ-ն։ Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2023 թվականին, ընկերությունը վերանորոգել է Կարծախ գյուղից մինչև Բոզալի ճանապարհը, իսկ այս տարի Կարծախ գյուղից դեպի Թուրքիայի սահման՝ Կարծախի անցակետ ճանապարհը։ Ինչպես նաև 2022 թվականին Վաչիան գյուղում վերականգնվել է 1 կմ հատված, սակայն այս աշխատանքներն իրականացրել է «ՋավախԱվտո Գզա» ՍՊԸ-ն։ Կարծախ գյուղի մեջ, ինչպես նաև այս մայրուղու սկզբում գտնվող «Գորոդոկի» հատվածը, որը գտնվում է Ախալքալաքի ծայրամասում, չնայած բնակչության բազմաթիվ բողոքների, շարունակում է մնալ քանդված վիճակում։
Jnews-ը բազմիցս գրել է «Գորոդոկի» հատվածի անմխիթար վիճակի մասին։ Ե՛վ ավտոճանապարհների վարչությունը, և՛ «Արալի» ընկերությունն անընդհատ վստահեցնում էին, որ ճանապարհը կվերանորոգվի։ Սակայն մինչ այժմ՝ 2 տարվա ընթացքում, մի քանի անգամ կատարվել է միայն ժամանակավոր լցոնում։
Jnews-ը զրուցեց Տեխնիկական վերահսկողության գործակալության տարածաշրջանային ներկայացուցիչ Գելա Կախիձեի հետ։ Նրա խոսքով, հենց Կարծախ գյուղում ճանապարհի վերականգնմանը դեմ են արտահայտվել անձամբ բնակիչները, իսկ «Գորոդոկի» հատվածում շինարարական ընկերությանը ոչ մի կերպ չեն կարող պարտադրել իրականացնել աշխատանքները։
«Այս ճանապարհը պետք է սարքի Արալին, հիմա ճանապարհը երաշխիքային ժամկետում է։ Անցած տարի նրանք ճանապարհի 1-3 կմ-ն են սարքել, նախորդ տարի էլ են արել, փչացել է։ Հենց եղանակը թույլ տա, ես կստիպեմ ավարտել այդ հատվածը (խմբ. այսպես կոչված «Գորոդոկի» հատվածը): Վարչությունը (Ճանապարհային) պետք է նրանց պարտադրի, ես չեմ կարող։ Նրանք այժմ աշխատում են Կարծախում։ Հենց գյուղում բնակիչներն իրենք թույլ չեն տվել աշխատանքներն իրականացնել։ Վարչությանը գրել են, որ տները կփլվեն։ Հանձնաժողովը պետք է ստուգի այս ամենը, հաջորդ շաբաթ հանձնաժողովը կլինի տեղում և կստուգի»,- ասաց Գելա Կախիձեն։