Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանում կրկին մեկնարկել է ընդդիմության հերթական «Արժանապատվության երթը»: Մասնակիցների պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտնում է Panorama.am-ը:
«Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի ներքո՝ եռագույներով, «Հայրենիքը փրկողը հենց դու ես» գրությամբ մեծ ցուցապաստառով, «Հայաստան, Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով ու վանկարկումներով երթի մասնակիցները սկսել են քայլերթը։
Գեղամ Մանուկյանը դիմելով պատուհաններից երթին հետևողներին, ասել է՝ Փաշինյանն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ վաղը Կապանը կրակի տակ է լինելու։ Նա կոչ է արել բազմոցին նստած ու ուղիղ եթերում պայքարի ընթացքին հետևողներին դուրս գալ փողոց և միանալ իրենց։
«Մի բան հասկացեք, սա քաղաքական կռիվ չէ, պետք է թուրքը գա հասնի ձե՞ր տանը, նոր խելքի գա՞ք։ Մի բան հասկացեք, այն ինչ կատարվում է Հայաստանում, գոյամարտ է։ Այստեղ չի լինելու սպիտակ ու սև։ Նիկոլ, հեռացիր»,- հայտարարել է Մանուկյանը։
Իսկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երթի ժամանակ լրագրողներին ասել է, որ Փաշինյանը վերջին 2.5 տարին, հատկապես պատերազմի սկսվելու օրվանից, ապացուցել է, որ ի վիճակի չէ ապահովելու երկրի ու ժողովրդի անվտանգությունը։
«Ուստի մենք ասում ենք՝ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր ժողովրդի և մեր երկրի անվտանգությանը, կկարողանա լուծել հարցերը, որոնք կուտակցված են ու լուծում չեն ստանում», – ասել է նա՝ հավելելով, որ «ամեն օր կորցնում ենք գյուղեր, զոհվում են մարդիկ, գերեվարվում են քաղաքացիներ»։