Հայաստանում նախագիծը եռակողմ են համարում, քանի որ ծրագրին մասնակցում էին Ղարաբաղի լրագրողներ։ Ադրբեջանում խոսում են երկկողմանի այցերի մասին։ Բոլոր մանրամասները երեք կողմերից:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները պաշտոնապես հաստատել են, որ համատեղ իրականացրել են լրագրողների փոխադարձ այցերի նախագիծ հոկտեմբերի 17-21-ը։

Երեք ադրբեջանցի լրագրող է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։ Գրեթե միաժամանակ երկու լրագրող Հայաստանից և մեկը Ղարաբաղից եղել են Ադրբեջանում։

Ինչպես ասում են նախագծի մասնակից լրագրողներն, այցերի նախապատրաստումը համակարգում էր ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել 2019 թ.-ի մարտին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ։

Լրագրողները հանդիպել են տեղի փորձագետների և պաշտոնատար անձանց հետ։ Սակայն այցերը կազմակերպվել են լիակատար գաղտնիության պայմաններում, և լրագրողները հրաժարվում են որոշակի մանրամասներ հաղորդել, թե ում հետ են հանդիպել և ինչ են քննարկել։ Սա նախագծի մասին այն մանրամասներն են, որոնք հաջողվել է հստակեցնել։

• Հայաստանի վարչապետի և որպես բլոգեր ներկայացրած ադրբեջանցու երկխոսությունը Միլանի հայկական եկեղեցում

• Հայաստանն՝ ընդդեմ իր հետ միևնույն ռազմական դաշինքի անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու

Գաղտնիքներ

Հայաստանի ԱԳՆ-ն փոխադարձ այցելությունների մասին պաշտոնապես հայտարարել է նոյեմբերի 23-ին՝ այսինքն երբ բոլոր լրագրողներն արդեն վերադարձել են իրենց երկրներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հաղորդագրությունը տարածել է նույն օրն ավելի ուշ։

Նախագծի մասին լուրերը սկսել էին շրջանառվել այցերից մեկ շաբաթ առաջ։ Սակայն երկրներից ոչ մեկում այդ լուրերը ոչ հաստատում էին, ոչ հերքում։

Նախապատրաստությունը, ընտրության չափանիշներն ու լրագրողների այցերն անցկացվել են լիակատար գաղտնիության ռեժիմում։

Տեղեկություններ Երևանից

Հայաստանից Ադրբեջան է մեկնել «Շանթ» հեռուստաալիքի մեկնաբան Արտյոմ Երկանյանը, «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, իսկ Լեռնային Ղարաբաղից՝ Հանրային հեռուստատեսութան լրագրող Էդգար Էլբակյանը։

«Ղարաբաղի ներկայացուցիչն Ադրբեջան է մեկնել հենց որպես ղարաբաղցի լրագրող, ոչ պարզապես հայ լրագրող, իսկ ադրբեջանցի լրագրողները Ղարաբաղ են մեկնել։ Ղարաբաղ այցի ծրագիրը Ստեփանակերտն է մշակել ԱԳՆ մակարդակով», – «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է Արտյոմ Երկանյանը։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանում իրենք մի շարք հանդիպումներ են անցկացրել, որոնց մասին տեղեկություններ չեն կարող հրապարակել։

Դա հաստատել է նաև «Մեդիամաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։ Նա հաղորդել է, որ, ծրագրի համաձայն՝ քաղաքական գործիչների հետ ոչ մի հանդիպում նախատեսված չի եղել․

«Միակ պաշտոնյաները, որոնց մենք հանդիպել ենք Բաքվում ընթրիքի սեղանի շուրջ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան և փորձառու դիվանագետ Հուսեյն Հուսեյնովն էին, ովքեր ներկայացնում էին անձնական տեսակետները, իսկ բուն զրույցը off-the-record էր [այս բառակապակցությունը նշանակում է՝ զրույցը հրապարակման ենթակա չէ, չի ձայնագրվում և չի տեսանկարահանվում – JAMnews]»։

Մինչդեռ, հայ լրագրողները կարող էին ուղղակիորեն շփվել Ադրբեջանի սովորական քաղաքացիների հետ։

«Օրինակ, երբ խանութի վաճառողն իմացավ, որ մենք հայ ենք, դա նրա համար շոկ էր, սակայն ոչ մի բացասական վերաբերմունք չկար», – պատմել է Արտյոմ Երկանյանը։

Իրենց այցի շրջանակում լրագրողները հանդիպել են նաև քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպմանը մասնակցել է նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը։ Սակայն, ըստ Երկանյանի, նա հանդիպման ընթացքում ակտիվ չէր։ Ընդհանուր առմամբ, ըստ մասնակիցների գնահատականի, հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել։

«Սակայն պետք չէ մոռանալ, որ դա ակնհայտորեն Ադրբեջանի համապատասխան կառույցների ցուցումների արդյունք է», – նշել է Երկանյանը։

Հայ լրագրողերն այցի մասին իրենց հոդվածներում խոսում են նաև անվտանգության բազմաթիվ աշխատակիցների մասին, որոնք ուղեկցել են իրենց։ Նրանք 12-13 թիկնապահ են ունեցել։

Դավիթ Ալավերդյանն իր հոդվածում խոստովանել է, որ Բաքու մեկնելիս ինքը, նախևառաջ, ուզում էր գտնել երկու հարցի պատասխան․

• ինչի՞ն է պատրաստվում Ադրբեջանը, խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի,

• ի՞նչ զիջումների է պատրաստ ադրբեջանական հասարակությունը հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման։

«Առաջին հարցի պատասխանը ես այդպես էլ չստացա, բայց առերևույթ ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ սովորական ադրբեջանցիները, ինչպես և հայերը, նոր պատերազմ չեն ցանկանում և հույս ունեն, որ վաղ թե ուշ խնդիրը հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով», – գրում է Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է զիջումներին, ապա, ըստ խմբագրի, ուրախանալու բացարձակ ոչ մի պատճառ չկա։

«Արցախի դե-յուրե անկախության գաղափարը պարզապես խենթացնում է ադրբեջանցիներին՝ թե լրագրողներին, թե հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, թե պաշտոնյաներին»։

Իսկ ղարաբաղցի լրագրող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այցելության ընթացքում․․․ հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում․․․ Ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ է տվել․․․

Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում»։

Ուղևորության նպատակահարմարության մասին

Ուղևորության արդյունքների մասին խոսելիս Դավիթ Ալավերդյանն, առաջին հերթին, պատասխանել է նրանց, ովքեր նման այցերն անիմաստ են համարում․

«Ես կողմ եմ, որպեսզի մյուս հայ լրագրողները ևս հնարավորություն ստանան մեկնել Ադրբեջան: Նաև կողմ եմ, որպեսզի ադրբեջանցի լրագրողները գան Հայաստան եւ հատկապես Արցախ: Ես գիտակցում եմ, որ միշտ չէ, որ նրանց ռեպորտաժները կլինեն օբյեկտիվ և ճշմարիտ: Բայց չէ՞ որ դա ևս ցուցիչ է, թե որքան տարբեր ենք մենք և որքան շատ ավելի ազատ ու բազմակարծիք է մեր հասարակությունը:

Կարող եք վստահ լինել, որ յուրաքանչյուր նման այց նպաստում է այն համոզմունքի ամրապնդմանը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Առնվազն ադրբեջանցի այդ երեք լրագրողները հոգու խորքում դա արդեն գիտակցում են»։

Այս այցի արդյունքների մասին մտքերով է կիսվել նաև Արտյոմ Երկանյանն «Ազատություն» ռասիոկայանին տված հարցազրույցում․

«Մենք պատրանքներ չունենք, որ այս այցերով կհասնենք խնդիրների լուծման և խաղաղության համաձայնագրի ստորագրման։ Նպատակն այն է, որ որոշ չափով նպաստենք վստահության մթնոլորտին, որի հետևանքով շփման գծում ավելի քիչ զոհեր լինեն։ Ակնհայտ է, որ, նախորդ տարիների համեմատ, զոհերը նվազագույնը երեք անգամ կրճատվել են։ Եվ եթե մեր այս այցերը նպաստեն դրան, ապա ես կարծում եմ, որ պետք է շարունակել դրանք»։

Փորձագիտական կարծիք

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այս այցերն իրադարձությունների զարգացման ճիշտ ուղղություն են․

«Եթե կողմերը շարունակում են հաղորդակցվել, ես չեմ ասում՝ բանակցել, եթե շարունակում են հաղորդակցվել՝ երկրի ղեկավարների մակարդակով, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների մակարդակով, սա նշանակում է՝ մտածում են առանց պատերազմի խնդրի լուծման մասին: Սա կարևոր, փոքրիկ, բայց շատ կարևոր գործիք է դառնում խաղաղության պահպանման առումով։ Առնվազն գոնե մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները կլսեն այն ձայները, որոնք շատ հաճախ չեն լսում, որովհետև մեր միջև ահռելի պատ է դրված»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ նման փոխադարձ այցելությունների կարևորության մասին կարելի է խոսել միայն լրագրողների հրապարակումներից հետո․

«Եթե այդ հրապարակումները կօգնեն և՛ ադրբեջանական, և՛ հայկական հասարակություններին ավելի լավ հասկանալ՝ ինչ տրամադրություններ, պատկերացումներ հակամարտության մասին կան այդ երկրում, դա արդեն որոշակի ազդեցություն գուցե ունենա հետագա գործընթացի վրա: Եթե այդ փոխայցելությունը սահմանափակվեն զուտ նրանով, որ մեր երեք գործընկերները Ադրբեջանից ու Հայաստանից ինչ-որ եկել են, ինչ-որ բան են տեսել, ինչ-որ մարդկանց հետ են հանդիպել, և այդ ամեն ինչը մնալու է իրենց մեջ, ապա ես, ճիշտն ասած, այդ կարգի փոխայցելությունների իմաստը չէի տեսնի»։

Տեղեկություններ Բաքվից

Տեղեկություններն Ադրբեջանից դեռ շատ սուղ են։

Մամուլը հարցեր է տալիս, որոնց ոչ ոք չի շտապում պատասխանել։

Փաստացի հայտնի են միայն լրագրողների անունները, որոնք մասնակցել են նախագծին։ Դա Trend տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևն է, 1news.az կայքի թղթակից Էլշան Ռուստամովն ու «Վեստնիկ Կավկազա» կայքի ադրբեջանական խմբագրության թղթակից Օրհան Էլչուևը։

Այցի մասնակիցների մեկնաբանությունները

Էլչին Վելիևի խոսքով՝ կողմերը միմյանց միջև պայմանավորվել են, որ այցերին մասնակցած լրագրողները նյութեր կգրեն այն լրատվամիջոցների համար, որտեղ աշխատում են, իսկ մինչ այդ ոչ ոքի ոչ մի մեկնաբանություն չեն տա։

«Ես դրան երևի հատուկ մեծ հոդված կնվիրեմ։ Իսկ հետո արդեն կկարողանամ հարցերի պատասխանել», – ասել է Վելիևը։

Էլշան Ռուստամովը լուսանկարվել է Ղարաբաղում և լուսանկարը տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով «Հայրենի հողեր»։ Դա դեռևս միակ լուսանկարն է այցից, և ադրբեջանական լրատվամիջոցներն այն ակտիվորեն վերատպում են։

Արտգործնախարարության մեկնաբանությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է արել հայկական կողմից հետո, և սակավախոս է գտնվել։ Այն հաղորդել է միայն, որ ադրբեջանցի լրագրողներն այցելել են «Հայաստան և մեր երկրի Լեռնային Ղարաբաղի շրջան՝ ներառյալ Շուշա քաղաքը»։

Ինչ վերաբերում է հայ լրագրողներին, նախարարությունն ասել է, որ նրանք «հանդիպել են ադրբեջանցի գործընկերների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ։ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայ լրագրողները եղել են նաև մուսուլմանական, քրիստոնեական և հրեական կրոնական սրբավայրերում»։

Այլ լրագրողների արձագանքը

Լրագրող և ղարաբաղյան պատերազմի վետերան Ասաֆ Գուլիևը դժգոհ է, որ այցի մասին տեղեկությունն առաջինը տարածել են հայկական լրատվամիջոցները։ Նրան դուր չեն եկել նաև եզրույթները, որոնք իր հայտարարությունում օգտագործել է Ադրբեջանի ԱԳՆ-ն․

«Մինչև այցի ավարտը բոլորը դրա մասին լռում էին։ Եվ հանկարծ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն արեց՝ հաղորդելով, ամեն ինչից զատ, նաև ադրբեջանցի լրագրողների երթուղին՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։ Եվ ադրբեջանական մամուլը ստիպված էր վկայակոչել հայկական կայքերը։ Թվում է, այդտեղ ոչինչ չկա։ Սակայն հայկական տեղեկատվական մեքենան երբեք ոչ մի տեղեկություն հենց այնպես չի տարածում։

ՀԱՅԱՍՏԱՆ և ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ․․․ Այսինքն՝ հայկական պրոպագանդան Ղարաբաղը ներկայացրել է որպես առանձին սուբյեկտ։ Իսկ մենք դա տարածել ենք։ Այնուհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն ասաց, թե իբր ադրբեջանցի լրագրողներն այցելել են «մեր երկրի Լեռնային Ղարաբաղի շրջան»՝ այդ հողերն «օկուպացված» անվանելու փոխարեն։ Այսպիսով, դեռևս Հայաստանը հաղթում է 1:0 հաշվով։ Հիմա մնում է միայն սպասել, թե ինչ են գրելու մեր գործընկերները։ Արդյո՞ք կարողանալու են հավասարեցնել հաշիվը»։

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևն ընդհանրապես դա լրագրողական այց չի համարում և դրանից ոչ մի օգուտ չի սպասում։

«Լրագրողը պետք է ազատ լինի տեղեկություն հավաքելու և նյութի հետագա շարադրման հարցում։ Իսկ եթե նրա աշխատանքն ինչ-որ մեկը գրաքննում է, լինեն դրանք հատուկ ծառայությունները, նախարարությունը, ԵԱՀԿ-ն կամ թեկուզ Հռոմի պապը, ապա դա արդեն լրագրողական այց չէ, այլ մամուլի քարտուղարների գաղտնի ծառայողական այց։ Որի նպատակն է ցույց տալ, որ ԵԱՀԿ-ն այս 25 տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ գոնե ինչ-որ բան է արել։ Ոչ մի օգուտ այս այցից ես չեմ սպասում։

Նախևառաջ, արդեն հիշատակված գրաքննության պատճառով, երկրորդ հերթին՝ գաղտնիության։ Կարծում եմ, որ հայկական և ադրբեջանական իշխանությունները պարզապես ժամանակ են ձգում մինչև Ղարաբաղում նախագահական ընտրությունները, որոնք նախանշված են 2020 թ.-ի սեպտեմբերին։ Այն ժամանակ, հնարավոր է, իրավիճակը փոխվի։ Իսկ մինչ այդ լրագրողները թեկուզ հարյուր անգամ կարող են այստեղ-այնտեղ գնալ, իշխանությունները հազիվ թե պատրաստ լինեն փոփոխությունների։ Իսկ քանի դեռ իշխանությունները դրան պատրաստ չեն, միամտություն է կարծել, որ լրագրողները կամ հասարակական կազմակերպություններն են դա անելու», – իր դիրքորոշումն է ներկայացնում նա։

Շահին Ռզաևը մի քանի անգամ եղել է Հայաստանում և Ղարաբաղում 90-ականներին և 2000-ականներին, և ասում է, որ այդ այցերը բոլորովին այլ ձևաչափով և մթնոլորտում են անցել․

«Օրինակ, մենք հանգիստ մտանք ինտելիգենցիայի ակումբի նիստին, ելույթ ունեցանք ուղիղ եթերում, ռեպորտաժներ գրեցինք, և ոչ ոք ոչ մի արգելք չդրեց մեր առջև, մենք արեցինք այն, ինչ հարկ համարեցինք։ Ճիշտ է, այն ժամանակ էլ դրանից առանձնապես օգուտ չեղավ, բայց գոնե ամեն ինչ այսպես գաղտնի և գրաքննված չէր, ինչպես հիմա»։

Հրապարակման եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնելու հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Հոդվածը՝ JAMnews-ի