Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ինքը՝ վարչապետը։
Նա հավելել է, որ իր թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Դրական են նաև նրա ընտանիքի անդամների թեստերը։ Որևէ ախտանշան չի ունեցել, քանի որ մտադիր էր առաջնագիծ մեկնել, որոշել է թեստավորվել և արդյունքը դրական է եղել։
Փաշինյանն ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր ջերմաչափվել է և ջերմություն չի ունեցել։
«Ակնհյատ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից։ Իսկ ես կռահում եմ, որ վարակվել եմ աշխատաքային խորհրդակցությունների ընթացքում։
Խորհրդակցություններից մեկի ժամանակ նկատեցի, որ ջրի բաժակը, որը դրվում է այդ դեպքերում սեղանին, տեղադրվում է առանց ձեռնոցի։ Անմիջապես դիտողություն արեցի, սակայն, ենթադրում եմ, որ մինչ այդ էլ այդպես է արվել։ Այդ աշխատողի, մատուցողի մոտ հաստատվել է վարակը։ Սա է ամբողջ պատմությունը»,- ասել է վարչապետը։
Նա նաև կոչ է արել բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել, կամ՝ հնարավորինս քիչ է վարակվել»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ համաճարակի դեմ պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը նույնն են մնում՝ զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ։
Ըստ Փաշինյանի՝ ամենամեծ մտահոգությունն այն է, որ տատիկ-պապիկներին վարակած չլինեն, նա կրկին կոչ է արել պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները՝ դիմակով և ձեռնոցներով։
Փաշինյանը հայտարարել է նաև, որ ինքնամեկուսացել է և կաշխատի կառավարական առանձնատնից, որտեղ կան բոլոր պայմաններն աշխատանքի համար։