Այսօր, փետրվարի 25-ին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը:

Նախքան նիստի մեկնարկը Սերժ Սարգսյանը դատարանի բակում հանդես է եկել կոչով.

«Սիրելի աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու: Մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը:

Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին»:

Նա հիշեցրել է, որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է, հիմա էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):