Այսօր` դեկտեմբերի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում կայացավ ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քաղաքապետարանը ներկայացրեց 2021 թվականի բյուջեի նախագիծը:
Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանը ներկայացրեց 2021 թվականի բյուջեի նախագիծը:
«Ինչպես հիշում եք, մենք բյուջեի նախագիծը քննարկեցինք եւս մեկ անգամ և այն հետ ուղարկեցինք մեր առաջարկներով: Մենք հույս ունենք, որ մեր առաջարկները հաշվի են առնվել», – նիստի բացմանն ասաց ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը` խոսքը փոխանցելով Մղդեսյանին:
Նիստի ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց մունիցիպալիտետի եկամուտներին, քանի որ համավարակի պատճառով դրանք նվազել են: 2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն կկազմի 9 237 600 լարի, նախորդ տարի բյուջեն կազմում էր 9 645 900 լարի, այսինքն՝ այս տարի մունիցիպալ բյուջեն 387 900 լարիով պակասել է: Բյուջեի նախագծի ներկայացումից հետո պարզ դարձավ, որ այս տարի մունիցիպալիտետը ստիպված կլինի զգոնանալ, քանի որ անհասկանալի է, թե հաջորդ տարին համավարակի տեսանկյունից ինչպիսին կլինի: Արդիական էր հարցը, թե եկամտի ի՞նչ այլ աղբյուրներ կարելի է գտնել՝ մունիցիպալիտետի բյուջեն ավելացնելու համար:
Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը առաջարկեց այս հարցով հաջորդ նիստին հրավիրել Հարկային ծառայության ներկայացուցիչներին, քննարկման եղանակով որոշվեց նաև, որ նիստին պետք է հրավիրել Աուդիտի ծառայությունն էլ և նրանց հետ աշխատել այս ուղղությամբ: Պատգամավորները քննարկեցին նաեւ աուդիտորական ծառայության գործունեությունը, որի պարատվորությունների մեջ է նաեւ ստվերային բիզնեսի հայտնաբերումը…
Պատգամավորները քննարկեցին նաև այն, որ մունիցիպալ մարմինների ծախսերն աճել են և անվերահսկելի են: Նշենք, որ այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացվել է Սակրեբուլոյում: Հարցեր առաջացրեցին նաև տրանսպորտի վարձակալությունը, որի համար կար բացատրություն, որ մարզիկները մրցումների հաճախ գնում են վարձակալված տրանսպորտով, ինչպես նաև այն, որ այս կետը ներառում է դիալիզի կարիք ունեցող բուժառուների համար տրանսպորտը, որոնք անընդհատ մեկնում են Ախալցիխե: Շների հարցը ևս խնդիր է հանդիսանում, որը շատ հարցեր է առաջացնում, ինչպես նշեցին պատգամավորները, չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալիտետը մեծ գումարներ է ծախսում շներին բռնելու վրա, շները դրանից չեն պակասել: Հարց բարձրացրեց մանկապարտեզների պահպանմանն ուղղված գումարը, որին Մղդեսյանը պատասխանեց, որ գումարի մեծացումը պայմանավորված է մունիցիպալիտետի հաշվեկշռում 2 նորակառույց մանկապարտեզի ավելացմամբ և մեկ այլընտրանքային մանկապարտեզի լիարժեք նախադպրոցական հաստատության վերափոխմամբ` համապատասխան ծախսերով հանդերձ:
Քննարկվեց նաև մունիցիպալ «Ախալքալաքի սպասարկման կենտրոնի» աշխատանքը, պատգամավորները նշեցին, որ կենտրոնը շատ լավ է աշխատում, օրինակ բերվեց գիշերային լուսավորությունը, Սպասարկման կենտրոնը ժամանակին է փոխում լամպերը, բայց այդ լամպերը հաճախ են փոխվում, քանի որ դրանք էժանագին են և ցածրորակ, ուստի պատգամավորները կողմ են արտահայտվել ձեռք բերել ավելի թանկարժեք լամպեր, նվազեցնելու համար ծախսերն ու աշխատանքը, դրա համար որոշվեց նիստին հրավիրել Սպասարկման կենտրոնի ներկայացուցիչներին:
Այսպիսով, Սակրեբուլոն արձանագրեց պատգամավորների 2 առաջարկ, դրանցից մեկն է՝ հրավիրել նիստին Հարկային ծառայությանը և Աուդիտի ծառայությանը և հարցեր հղել նրանց: Երկրորդը` նիստին հրավիրել նաև մունիցիպալիտետի որոշ ծառայությունների և Սպասարկման կենտրոնին: