2022 թվականի մարտի 1-ից Գյուղատնտեսության նախարարությունը սկսում է «Գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկայի համաֆինանսավորման» նոր նախագիծը։ Պետությունը կմարի բերքահավաք տեխնիկայի արժեքի 30%-ից մինչև 50%-ը, ինչպես նաև վարկի 8-11%-ը, եթե դիմողը որոշի վարկ վերցնել սեփական ներդրումները վճարելու համար։
Հայտերի ընդունումը կմեկնարկի մարտի 1-ից։ Հացահատկեղենի բերքահավաք տեխնիկայի ձեռքբերման համար պետությունը ֆինանսավորում է արժեքի 30%-ը, այլ բերքահավաք տեխնիկայի ձեռքբերման դեպքում՝ 50%-ը։ Մեկ դիմումատուի համար առավելագույն բյուջեն 150 000 լարի է: Դիմողը կարող է լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձ:
Պայմանները.
Տեխնիկան անպայման պետք է լինի նոր, առավելագույնը 2 տարվա թողարկման, կամ ունենա հայտատուի գրանցման օրվանից 6 ամիս երաշխիքային ժամկետ:
Տեխնիկան ձեռք բերելուց հետո 5 տարի այն չպետք է դուրս բերվի Վրաստանից։
Դիմումատուն պետք է ունենա նվազագույնը 25 հար գրանցված հողամաս կամ ունենա կով, խոզ և այլն:
Դիմումատուն նաև պետք է գրանցված լինի Վրաստանի ֆերմերների տվյալների բազայում: Դրա համար նրանք պետք է զանգահարեն թեժ գծով (1501) և գրանցվեն տվյալների բազայում:
Ծրագրին մասնակցելու հայտը պետք է լրացնել առցանց՝ rda.gov.ge կայքում։
Հայցաթերթիկում անհրաժեշտ է մուտքագրել անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, կարգավիճակը, տեխնիկայի անվանումը, գինը և այլ տվյալներ։
«Սա մրցույթ չէ, եթե հայցաթերթում լրացված տվյալների հետ կապված խնդիրներ չլինեն, ապա որևէ խնդիր չի առաջանա, դիմումը կբավարարվի։ Մեր խորհրդատվական կենտրոնը բոլորին խորհհրդատվություն է տալիս, օգնում, բացատրում, թե ինչ է պետք անել այս ծրագրից օգտվելու համար»,- ասաց Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի առաջատար մասնագետ Արման Հարությունյանը։
Եթե դիմումատուն որոշի բանկից վարկ վերցնել, համաֆինանսավորման իր մասը վճարելու նպատակով, պետությունը կմարի վարկի 8%-11%-ը։
«Սա նույնպես շատ լավ խթան է, եթե մարդ փող չունի, պետությունը հնարավորություն է տալիս դրանք ձեռք բերել»,- ասում է Արման Հարությունյանը։
Վերջինիս խոսքով, նախորդ տարի նման ծրագիր եղել է, սակայն մասնակիցները շատ քիչ են եղել: