Այսօր, դեկտեմբերի 8-ին, Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Նրանք արդեն Երևանի որոշ հատվածներում փողոցներ են փակել։

Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում։ Փակված փողոցների թվում են Աբովյանի որոշ հատվածներ, Մյասնիկյանի, Մոսկովյանի, Սախարովի հրապարակը, Բաղրամյան պողոտայի մի մասը, Ավետիսյան փողոցը։ Ցուցարարները շարժվում են նաև դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ՝ դավաճան»։

Դեկտեմբերի 5-ին «Հայրենիք փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ընդդիմադիրները հայտարարել էին, որ Նիկոլ Փաշինյանին ժամանակ է տրվում մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12:00-ն՝ հրաժարական տալ ու հեռանալ:

Վերջնաժամկետի լրանալուն պես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այդ պահից սկսած՝ մինչև 17:00-ն, Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու:

«Դիմում եմ մեր քաղաքացիներին՝ բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։ Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները եւ ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ։

Մեկ անգամ եւս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Նիկոլ, միեւնույն է, դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությունն ու պետականությունը»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հանդես է եկել ուղերձով՝ ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ և վարչապետին հորդորել վայր դնել լիազորությունները: Նիկոլ Փաշինյանին հրաժարականի կոչ է արել նաև Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:

Նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։