Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները հուլիսի լույս 16-ի գիշերը մոտ 100 հոգով հերթական դիվերսիոն հարձակումն են իրականացրել՝ Տավուշի մարզի Անվախ կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
իրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը շրջանաձև պաշտպանությամբ կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։
«Դիվերսիայից հետո ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ից հետո սկսել են հրետակոծել Մովսես և Այգեպար գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել նաև Անվախ դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն մեր զինված ուժերը հետ են մղել դրանք ու իրավիճակն առել լիակատար հսկողության տակ»,- հայտարարել է վարչապետը։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: