Սահմանազատման դեմ բողոքի ակցիա իրականացնող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին հասավ Երևան։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ տրվեց հրաժարական ներկայացնելու համար: Մեկ ժամ անց, սակայն, որևէ արձագանք չեղավ:
Շարժումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ շարունակելու են իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ, ինչպես նաև նախաձեռնելու են ԱԺ-ի միջոցով վարչապետին անվստահություն հայտնելու և նրա պաշտոնանկությանը հասնելու գործընթաց, հարցը քննարկվում է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ:
Մինչ այս, սակայն, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարում էր՝ իրենց օրակարգը սահմանազատման դադարեցումն է, վարչապետի հրաժականի պահանջ չկա: Ավելին, նշում էր նաև, որ «սա չակնկալիքների պայքար է»:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ըստ նրա, այն ապօրինի է և հակասահմանադրական: Նշել է, թե շարժման մեկնարկից հետո Տավուշում վերջին երեք սահմանային սյուները չեն տեղադրվել, «կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ ի շնորհիվ ժողովրդի պայքարի»:
Հանրահավաքը մեկնարկեց երկու ժամ ուշացումով: Նախ հավաքի մասնակիցները վանկարկեցին «Հայ, Հայաստան, հայրենիք և Աստված»: Սա շարժման հիմն դարձած երգի կրկներգն է: Այնուհետև միասին կատարեցին ՀՀ պետական օրհներգը, տերունական աղոթքը:
Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ սպիտակ հագուստ է կրում, քանի որ այն հաշտության, խաղաղության և հաղթանակի խորհուրդ ունի: Արձանագրեց՝ ոգին հաղթել է «դուխին», հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին:
«Դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ էլ սահմանազատմանն ու սահմանագծմանը: Բայց միակողմանի, ծնկած զիջելը մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ըստ նրա, ստել, խաբել և մոլորեցրել է տավուշեցիներին, իսկ հետո ահաբեկել և սպառնացել պատերազմով։ Բագրատ Սրբազանի խոսքով՝ եկել են հրապարակ այդ սպառնալիքների պատասխանը պահանջելու և ժամանակ տալու դադարեցնել «միակողմանի և ապօրինի» սահմանազատման գործընթացը, որն իրականացվում է ուժի սպառնալիքի ներքո:
«Աշխարհում չկա նախադեպը ուժի սպառնալիքի ներքո միակողմանի զիջել և երաշխիք չտալ, որ պատերազ չի լինի: Մենք չենք պատերազմի հրաձիգները: Պատերազմը հրահրողն էլ եք դուք, կառավարելու անկարողն էլ եք դուք և պայմանավորվողն էլ եք դուք»,- շեշտեց նա:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին բերվել Հանրապետության հրապարակ: Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասել էր, որ նպատակը հասարակական կարգի ապահովումն է:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվեց բողոքի ալիքի վրա, որն առաջացավ ապրիլի 19-ին՝ մարզում սահմանազատման գործընթաց սկսելու մասին հայտարարությունից հետո։ Շարժման մասնակիցները հայտարարեցին՝ իրենց նպատակը սահմանազատման գործընթացի կասեցումն է ինչպես Տավուշի մարզում, այնպես էլ ՀՀ այլ հատվածներում:
Շարժման քայլերթը մեկնարկեց օրեր առաջ՝ մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից: Այն գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: