Վրաստանի կառավարությունը վերահաստատել է Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին հունիսի 5-ին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին՝ Հայաստանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում:
Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները եւ փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։
Նախարարները նաեւ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության եւ ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը եւ խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք եւս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ:
Ընդգծենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 12 364:
Հունիսի 5-ին հաստատվել է 547 նոր դեպք, առողջացել են 207-ը, 7 մահվան դեպք է արձանագրվել: