Միսակ Լազարյանը, որի արտահանձնումն է քննարկվում Հայաստանում, ծագումով Ջավախքից է, Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղից: Նրա հարազատներն ու ընկերները մտահոգված են, որ կորոնավիրուսի համաճարակի և փակ սահմանների պատճառով չեն կարող որևէ բան ձեռնարկել, և խնդրում են ՀՀ իշխանություններին և համապատասխան կառույցներին` նրան ապաստան տալ երկրում:
Միսակ Լազարյանը Ռուսաստանում հետախուզման մեջ է գտնվում 2011 թվականի դեկտեմբերից: Նա Հայաստանում է գտնվել առանց այս երկրի իշխանությունների իմացության: 2019 թվականին Հայաստանը տեղեկացրել էր Ռուսաստանին Լազարյանի երկրում գտնվելու մասին, և վերջերս սկսվել է գործընթացը, որտեղ քննարկվում է Լազարյանի Ռուսաստանին արտահանձումը: Հայաստանի հասարակությունը, ինչպես նաև Լազարյանի հարազատներն ու ընկերները դեմ են նրա արտահանձնմանը և ապաստան են պահանջում:
Ըստ փաստաբան Արկադի Գևորգյանի՝ իր պաշտպանյալը ապաստան է հայցել ՀՀ իշխանություններից, բայց այս հարցի վերաբերյալ մինչ այժմ նորություն չկա:
Բավրա գյուղի երիտասարդությունը ցանկանում է ինչ-որ բան ձեռնարկել, բայց չի կարողանում: Նրանք կցանկանային առնվազն մեկնել Հայաստան, աջակցել իրենց հարազատին, բողոքի ցույցեր կազմակերպել, սակայն փակ սահմանների պատճառով նրանք չեն կարող մեկնել Հայաստան: Եվ ավելի քան 3 հոգու մեկ վայրում գտնվելու և հանրահավաքների արգելքի պատճառով նրանք չեն կարող ՀՀ իշխանություններին իրենց բողոքն արտահայտել նաև այստեղից՝ Վրաստանից:
Իգոր Լազարյանն ասում է, որ նրանք, մյուս հարազատների և ուղղակի երիտասարդ համագյուղացիների հետ միասին, չեն կարող ոչ մի բան չանել, բայց և որևէ բան անել էլ չեն կարողանում:
«Հակառակի պես այս համաճարակն ու այս սահմանափակումները մտցվեցին: Ոչ նրա ծնողներն են կարողանում Ռուսաստանից գալ, ոչ էլ մենք կարող ենք արտակարգ դրության պատճառով գնալ: Նույնիսկ արտակարգ դրության ռեժիմի պատճառով մենք այստեղ չենք կարող հավաքվել: Չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց այս տղային միանշանակ չի կարելի արտահանձնել Ռուսաստանին: Պարզ չէ, թե ինչ կլինի նրա հետ հետո», – ասում է Լազարյանի զարմիկը՝ Իգորը:
Մյուս հարազատները նույնպես կարծում են, որ Հայաստանը պետք է գործի այս հարցի կապակցությամբ այնպես, որ անձը չտուժի, քանի որ այդ միջադեպը տեղի էր ունեցել ազգային հողի վրա:
«Նա այդքան տարի ապրել է Հայաստանում, իր 80-ամյա տատիկի հետ: Նա տարեց կնոջ միակ խնամակալն է: Ինքն իր համար ապրել է, որևէ օրենք չի խախտել, միշտ ներկայացել է իրավապահ մարմիններին, երբ նրան կանչել են: Մենք խնդրում ենք ՀՀ իշխանություններին ապաստան տալ մեր Միսակին, սա այն դեպքն է, երբ Հայաստանը պետք է ապաստան տա այն անձին, ով տուժել է ազգային հարցից», – ասում է հարազատներից մեկը՝ Զուրաբ Հարությունյանը:
Միսակ Լազարյանը ծնվել և մեծացել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղում: Առաջին դասարանը նա գնացել է գյուղի դպրոցում, բայց հետո հայրը, որը մեկնում էր Ռուսաստան արտագնա աշխատանքների, իր ընտանիքը տեղափոխել էր ՌԴ, այնտեղ էր տեղավորվել և ընտանեկան բիզնես հիմնել:
ՀՀ դատախազությունը քննարկում է 2011 թվականին, ՌԴ-ում ազգային հողի վրա սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանի արտահանձնման հարցը: Ըստ հայկական ԶԼՄ-ների՝ 2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտել ադրբեջանցիներ և բախում հրահրել։ Արդյունքում՝ հաջողվում է հրահրիչներին ռեստորանից դուրս հանել։ Նույն օրը, ավելի ուշ ժամի, նրանք հետ են վերադառնում զինված և շարունակում ծեծկռտուքը: Արդյունքում հարձակվողներից մեկը սպանվում է։ Դեպքից հետո երկու հոգի հետախուզության մեջ է գտնվում: Ըստ հայկական ԶԼՄ-ների, Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը հայտնի չէ։