Jnews-ը ներկայացնում է Ախալքալաքում ճանապարհաշինության ավարտված և անավարտ ենթակառուցվածքային նախագծերը:

Այս տարի Ախալքալաքում ավարտվեց Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի ասֆալտապատումը, որը տևեց 2 տարի, ինչպես նաև Ախալքալաքի ծայրամասում գտնվող ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը միանում է Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներին:

Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը սկսվել էր 2019 թ.-ի հուլիսին: Վերականգնման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին, 19 038 910 լարիի չափով: Տենդերը հաղթել էր «N1 ճանապարհաշինության վարչությունը»՝ 14 749 992,92 լարիի չափով, սակայն վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ենթակապալառու «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ մայրուղու 16 կմ ճանապարհահատվածը: Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են այս տարվա հոկտեմբեր ամսին:

2

Ախալքալաքի ծայրամասում գտնվող դաշնային մայրուղու հատվածի վերականգնումը, որը ճանապարհը կապում է դեպի Թուրքիա տանող ճանապարհին, սկսվել էր սեպտեմբերի վերջին:

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 23-ին տենդեր էր հայտարարել վերոնշյալ ճանապարհահատվածի վերականգնման համար: Աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 2 686 610 լարի: Տենդերը շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: Աշխատանքները վերջնականապես ավարտին էին հասցվել այս տարվա նոյեմբերի վերջին:

1

Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը կիսատ է մնում, իսկ Ախալքալաք քաղաքում նորոգման աշխատանքը մնում է չիրականացված:

4

Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել էր սեպտեմբերի երկրորդ կեսից, և, այս պահի դրությամբ, վերականգնվել է 2 կմ ճանապարհահատված: Ընդհանուր պիտի վերանորոգվի «Կորխիս Ծղալի» կամրջից ճանապարհի շուրջ 7 կմ հատվածը: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր էր հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով։ Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիի չափով:

Տվյալ ծրագրի շրջանակներում՝ 2021 թվականին, Ախալքալաքի կենտրոնում կկատարվի փոսային նորոգում՝ Ազատության և Դարբինյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհների վերականգնման տենդերը իրականացնելու վերջնաժամկետը 2 տարի է:

3

Ախալքալաքում փոսային նորոգման և Ազատության փողոցի վերջնամասի (գազալցակայանի դիմաց, ճանապարհի 58,6 մ մոտակայքում) հիմնանորոգման համար քաղաքապետարանը չորս անգամ հայտարարել էր տենդեր (97 920 լարիի չափով)` օգոստոսի 14-ին, օգոստոսի 26-ին, սեպտեմբերի 10-ին և սեպտեմբերի 25-ին, սակայն ոչ մեկը չի կայացել դրան մասնակցելու ցանկացողների բացակայության պատճառով:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի, ձմռան մոտենալու պատճառով տենդերն այլևս չի հայտարարվի: Փոսային նորոգման տենդերը կհայտարարվի հաջորդ տարի՝ 2021 թվականին:

1

2

Բրատիսլավ Իգիթխանյան