Ախալքալաքի մունիցիպալիտետը երեխաներին մանկապարտեզներ տեղափոխելու համար հատկացրել է 42 016 լարի: Երեխաների տեղափոխման տենդերն այսօր՝ մարտի 14-ին արդեն հայտարարվել է: Մարտի 25-ն առաջարկների ընդունման վերջնաժամկետն է:
Այս տարի առաջին անգամ Ախալքալաքի մունիցիպալիտետը վճարելու է երեխաներին գյուղից դուրս գտնվող մանկապարտեզներ տեղափոխելու ծախսերը:
Եթե տենդերը կայանա եւ հաղթող լինի, ապա ապրիլի 1-ից արդեն կսկսվի տեղափոխման գործընթացը:
Էխտիլա և Մերենիա գյուղերից երեխաներին տեղափոխելու են Բարալեթ գյուղի մանկապարտեզ, Բոզալի եւ Ֆիլիպովկա գյուղերից՝ Կարծախ, իսկ Բավրայից, Կուլիկամից, Կորխից, Մաջադիայից, Չամդուրայից, Մուրջախեթից՝ Ախալքալաքի մանկապարտեզներ: Ավտոմեքենան ժամը 9-ին պետք է երեխաներին մանկապարտեզ հասցնի եւ ժամը 18: 00-ին նրանց տուն տանի:
56 երեխա ընդունում է Բարալեթ գյուղի մանկապարտեզը, նրանցից 32-ը Էխտիլա գյուղից են, 24-ը՝ Մերենիայից: 9 երեխա ընդունում է Կարծախի մանկապարտեզը: 5 երեխայի Կորխից ընդունում է Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզը, Կուլիկամից 31 երեխա կբաշխվի թիվ 2 եւ թիվ 3 մանկապարտեզներ: Մաջադիա գյուղի 15 երեխաներին կընդունի թիվ 3 մանկապարտեզը, 25 երեխա Բավրայից կընդունեն 2-րդ եւ 3-րդ մանկապարտեզները, Խոսպիո գյուղից 7 երեխա կընդունվեն թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների կողմից, 11 երեխաների Մուրջախեթ եւ Չամդուրա գյուղերից կընդունեն թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզները:
Երեխաների տեղափոխումը պետք է իրականացվի համապատասխան տրանսպորտով, որտեղ ապահովված կլինի անվտանգության պայմանները, եւ տրանսպորտը պետք է պարբերաբար ախտահանվի:
Երեխաների տեղափոխումն իրականացվելու է մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը:
Շուշան Շիրինյան