Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի գրադարանների գրքային ֆոնդը խորհրդային ժամանակներից ի վեր գտնվում է լքված տներում, որտեղ ոչ ոք չի մտնում, սենյակները չեն օդափոխվում, իսկ գրքերը փտում և փչանում են: Նրանք բեռ են դարձել նախկին գրադարանավարների համար, ովքեր չգիտեն, ինչ անել դրանց հետ:

Կար ժամանակ, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում գործում էր 89 գրադարան, յուրաքանչյուր գյուղ ուներ իր գրադարանը, կային գյուղեր, որտեղ նույնիսկ երկու գրադարան կար: 90-ականներին Խորհրդային Միության փլուզումից հետո, բոլոր գյուղական գրադարանները փակվեցին: Գրադարանների գրքային ֆոնդը մնաց գյուղերում: Որոշ գյուղերում գրքերի ֆոնդը փոխանցվեց դպրոցներին, օրինակ՝ Չամդուրայում, Կիրովականում, Գոմանում, սակայն ոչ բոլոր գյուղական դպրոցները հնարավորություն ունեին ընդունել այդ ֆոնդը, ոմանք տեղ չունեն նույնիսկ իրենց գրքերի համար, ստիպված գրադարանի աշխատակիցները գրքերը տարան իրենց տներ կամ գյուղում գտան լքված տներ և գրքերը ցրեցին այնտեղ:

Գրադարանավարների առաջարկին, գրքային ֆոնդը Ախալքալաքի գրադարանային ֆոնդին փոխանցելու մասին (նախկին կենտրոնական գրադարան), միշտ պատասխանում էին մերժմամբ: Մերժման պատճառը գրքաֆոնդի պահման տեղի բացակայությունն էր: 89 գյուղական գրադարաններից միայն երկու գյուղ (Բավրա և Մարտունի) է գրքերը հանձնել Գրադարանային միավորմանը:

2000-ականների սկզբին 16 գյուղերում բացվեցին գրադարաններ: Այդ գյուղերն են՝ Գոգաշենը, Գումբուրդոն, Վաչիանը, Դիլիսկան (2 գրադարան), Կարտիկամը, Արագվան, Կոթելիա, Օրջան, Խանդոն, Ալաստանը, Բալխոն, Զակը, Բարալեթը, Էխտիլան, Բուռնաշեթը: Այս գյուղերից ոչ բոլորում են գրադարանները գտնվում լավ վիճակում:

Գրքերը, որոնք գտնվում են լքված տներում, շատ վատ վիճակում են: Այս տները տարիներ շարունակ փակ են, չեն բացվում և չեն օդափոխվում: Գրքերը բորբոսնում են խոնավությունից, փտում և փչանում:

Խորենիա գյուղն այն գյուղերից մեկն է, որտեղ գրադարանավար Աշխեն Կիրակոսյանը գրադարանի գրքերը տարել է իր տուն և դասավորել ամբարում: Սննդամթերքի և հին կենցաղային պարագաների կողքին, դարակների վրա դրված են վնասվաած գրքերը, նույնիսկ արդեն գրքերի անվանումները հնարավոր չէ կարդալ:

girq1

Կենտրոնական գրադարանը գյուղում տուն էր վարձել գյուղական գրադարանի համար, սակայն երբ նրանք դադարում են վարձավճարը վճարել, տանտերերը խնդրում են ազատել տարածքը, իսկ Գրադարանային միավորումը հետ չի ընդունում գրքային ֆոնդը, ասելով, որ տեղ չունեն: Այդ պատճառով, 1995 թվականից ի վեր Աշխեն Կիրակոսյանը գրքերը պահում է իր ամբարում, որը ծառայում է թե՛ որպես պահեստ, և թե՛ որպես «Գրադարան»:

Խորենիա գյուղի գրքային ֆոնդում եղել է 5000 օրինակ գիրք:

«15 քառ / մ պահեստ և գրքեր, 5000 օրինակ գիրք: Գրքերը խոնավությունից փչացել են, մենք դրանք արդեն 30 տարի է պահում ենք: Այնպիսի հոտ է այնտեղ, որ մտնել հնարավոր չէ, չնայած մենք փորձում ենք ինչ-որ կերպ մաքրել այն, ապակին շրջանակից հանել ենք և, սենյակը օդափոխելու համար, տեղադրլ ենք ցանց: 30 տարի մենք խնդրում ենք Թեկլեին (Գրադարանային միավորման տնօրեն) գրքերը տանել, դրանք արդեն պատված են բորբոսով, անհնար է կարդալ վերնագիրը և պարզել, թե դա որ գիրքն է », – ասում է Աշխեն Կիրակոսյանը:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Գրադարանային միավորման տնօրեն Թեկլե Վախտանգիշվիլիի, նա խնդրել է տեղական իշխանություններին տեղ հատկացնել գյուղերի գրքային ֆոնդի համար, որպեսզի գրքերն այնտեղ տեղափոխեն և փրկեն դրանք, եթե ինչ-որ բան դեռ հնարավոր է փրկել:

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը JNEWS- ին ասաց, որ այս ֆոնդը արդեն հնացել է և դասակարգման կարիք ունի: Գրքերի մի մասը, հավանաբար, արդեն դարձել է թափոնաթուղթ, իսկ մյուս մասն անհրաժեշտ է բերել Ախալքալաք:

«Այս գրքերը հնացել են: Այսօր Վրաստանի ողջ տարածքում գրադարանների հարցը խնդրահարույց է, մենք հանդիպել ենք Վրաստանի Գրադարանային միավորման տնօրենին և պարզել, որ սա խնդիր է ներկայացնում ամենուրեք: Այսօր 21-րդ դարում, համացանցի դարում, գրադարաններն աստիճանաբար կվերանան: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացվի պետական մասշտաբով, Կարծում եմ կստեղծվեն կենտրոններ, որտեղ կլինեն համակարգիչներ: Անհնար է պահպանել նման ձևաչափը, որն այժմ գոյություն ունի », – ասում է Արմեն Մառանգոզյանը:

girq

Ահա թե ինչպես է ինտերնետը դառնում մեր կյանքի անբաժանելի մասը:

Ով կմտածեր, որ հայկական և միջազգային մշակութային ժառանգության ոսկե ֆոնդ համարվող գրքերը պահելու տեղ չեն ունենա: