Jnews-ը բազմիցս անդրադարձել է այն թեմային, թե ի՞նչ տրամադրվածությամբ է դիմորդը պատրաստվում ուսանող դառնալուն, ինչպիսի՞ դժվարությունների միջով է անցնում և ի՞նչ սպասելիքներ ունի նոր ու ոչ այնքան դյուրին կյանքի նոր փուլից: Մենք խոսել ենք Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների հետ, պարզելու արդյո՞ք իրենց սպասելիքներն ու իրականությունը համընկնում են, ի՞նչ խնդիրներ են հաղթահարել ուսանողության առաջին ամիսներին և ապագա անելիքների մասին:
Մեր հերոսներից ոմանց հետ զրուցել էինք դեռ այն ժամանակ, երբ նրանք դիմորդներ էին, իսկ հիմա արդեն ուսանողներ: Նրանցից մեկն այժմ Թբիլիսիի պետական համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական կուրսի ուսանող Մելս Պողոսյանն է: Նա նշում է, որ որոշ բաներ սպասվածի պես են եղել, որոշներն էլ՝ շատ ավելի լավ, քան ինքը կարող էր պատկերացնել:
– «Ինչպես նախորդ հարցազրույցում էի նշել, ամենամեծ դժվարություններից մեկը լեզվական բարիերն էր, որը սկզբնական ժամանակահատվածում շատ բարդ էր, բայց հետզհետե սովորելով և ընտելանալով կարծես հաղթահարեցի: Բացի այդ տնից ու ընտանիքից հեռու գտնվելը նույնպես դժվար է, ես ավելի բարդ էի պատկերացնում քան իրականում եղավ: Կարող եմ ասել, որ Թբիլիսի գալուց 1-2 շաբաթ անց արդեն ընտելացել էի նոր միջավայրին»:
Մելսը դասերից գոհ է, բայց մատնանշում է, որ համալսարանը չի տալիս հավելյալ հետաքրքրությունների ու ակտիվությունների հնարավորություն, որտեղ ուսանողները կկարողանան մասնակցել թրեյնինգների, սպորտային մրցումների, կամ գիտելիքներն ստուգող միջոցառումների:
JNEWS-ի այն հարցին, արդյո՞ք լեզվի իմացության մակարդակը բարձրացել է, Մելսը նշում է, որ սկսել է ավելի լավ տիրապետել պետական լեզվին:
– «Կան դասախոսներ, ովքեր մեզ նոր մեթոդներով են սովորեցնում և ավելի հեշտ ու արագ ենք ընկալում դասը, բայց պետք է նշեմ նաև՝ որ կան նաև այնպիսինները, ովքեր դեռ հին մեթոդիկա են կիրառում դասերն ընթանում են ձանձրալի և, բնականաբար, ոչ արդյուանվետ: Ինչ վերաբերում է ինտեգրմանը, ապա կարող եմ ասել, որ այն ժամանակ է պահանջում»:
Արաքսյա Մանվելյանը Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական կուրսում է սովորում: Նա հստակ գիտի և որոշել է, որ բժիշկ է դառնալու: Մինչև Թբիլիսի գնալն Արաքսյան սպասելիքներ ուներ, որոնք ժամանակին զուգընթաց իրականություն են դառնում:
– «Համալսարանը շատ սիրեցի, դասերն ընթանում են իրենց բնականոն հունով, բայց օրվա մեջ ընդամենը մեկ դաս ենք անում և կարծում եմ, որ ժամը շատ քիչ է, դրա համար անհրաժեշտ եմ համարում տանը աշխատել և հնարավորինս շատ շփվել վրացիների հետ, խոսակցական վրացերենին ավելի լավ տիրապետելու համար», – ասում է Արաքսյա Մանվելյանը:
Ի տարբերություն Արաքսյայի Վեներա Նիկողոսյանը համալսարանական կյանքն ավելի բարդ էր պատկերացնում: Նա սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական կուրսում:
– «Ինձ համար վրացերեն լեզուն սովորելը բարդ էր, քանի որ դպրոցական տարիներին չեմ սովորել այնքան, ինչքան պետք էր, որովհետև շատ բարդ էր թվում ինձ: Հիմա օրական 5 ժամ համալսարանում պարապում ենք, հասկացա, որ այդքան էլ դժվար չէր ինչքան ես էի մտածում: Այս կուրսն ավարտելուց հետո որոշել եմ կրթությունս շարունակել բիզնես կառավարում բաժնում, փորձում եմ վրացերենից զատ նաև անգլերեն սովորել»,- ասում է Վեներան:
Իլիայի պետական համալսարանի ուսանողուհի Նարինե Ավագյանը շատ պատահական է որոշում կայացնում բարձրագույն կրթությունը շարունակել Թբիլիսիում, ավելի շատ պատրաստվում էր Երևան գնալ, բայց վերջին պահին որոշումը փոխել է: Նարինեն պատմում է, որ այս փուլում դեռ լիարժեք չի հաղթահարել լեզվի չիմացության խնդիրը:
– «Երբ առաջին անգամ լսարան մտա և իմացա, որ բացի հայերից այլազգիներ էլ են լինելու, շատ զարմացա և մտածում էի, արդյո՞ք կարողանալու եմ նրանց հետ լեզու գտնել ու շփվել, բայց ամեն ինչ հարթ անցավ»,- կիսվում է Նարինեն: Միաժանանակ հավելելով, որ մասնագիտության հստակ ընտրություն դեռ չի կայացրել, մտածում է մի քանի ուղղություններով՝ ծրագրավորում, բիզնես կառավարում ու միջազգային հարաբերություններ:
Նարինեն ասում է, որ փոփոխությունները ևս բարդույթներ են առաջացնում, բայց համալսարանում հետաքրքիր դասերը, լավ դասախոսներն ու միջավայրը օգնում են արագ հաղթահարել ամեն բան: Ինչքան էլ որ ուսանողական շրջանը բարդ է, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է: