Գիշերվանից սկսվել են Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում ասֆալտապատման աշխատանքները: Այս պահի դրությամբ ասֆալտապատված է Թավիսուփլեբա-Դարբինյան խաչմերուկից մինչև քաղաքի թիվ 4 դպրոցի տարածքը:
Չնայած այն հանգամանքին, որ անցած գիշերվանից հարակից տների բնակիչները դժգոհում են իրենց տներում ծանր մխոցների աշխատանքի մշտական դռդռոցից, հուսադրող է այն փաստը, որ ասֆալտապատման գործընթացն արդեն սկսվել է: Վերականգնողական գործընթացի պատճառով այս ճանապարհին ստեղծված անհարմարավետությունը չի տևի ամբողջ ձմեռ:
Ընդհանուր կվերականգնվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմայրուղու 70-րդ կմ-ից 86 կմ ճանապարհի 16 կմ ճանապարհահատվածը:
Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցում էին չորս ընկերություններ՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»:
Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով:
Այնուամենայնիվ, վերակառուցումն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է: