Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ մեկ շաբաթում մունիցիպալիտետում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։

Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը կարծում է, որ այս արդյունքը պայմանավորված է կատարված թեստերի քիչ քանակով, և որ իրականում կորոնավիրուսը բավականին տարածված է շրջանում։

«Ես գիտեմ, որ հիվանդությունն այժմ տարածված է, բայց մարդիկ չեն թեստավորվում, քանի որ ախտանիշները սուր չեն: Ամենից հաճախ դա ջերմությունն է, որը կարող է տևել ընդամենը մեկ օր, լինում է նաև կոկորդի ցավ և ձայնի կորուստ: Հիմնականում վիրուսային հիվանդությունն արդեն հեշտությամբ է ընթանում, ուստի մարդիկ չեն դիմում բժշկի»,- մեկնաբանեց Սիրանուշ Տոնականյանը։

Նրա խոսքով, թեստավորումների թիվը նվազել է, քանի որ ուսուցիչներն ու մանկավարժները արձակուրդում են և պարբերաբար թեստեր չեն հանձնում։ Այնուամենայնիվ, հերթապահ ռեժիմով աշխատող Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի աշխատակիցները, ինչպես նաև Ախալքալաքի ՀԱԿ-ի աշխատակիցները շարունակում են թեստեր հանձնել 14 օրը մեկ։ Սիրանուշ Տոնականյանի խոսքով, միջինում օրական 3-4 թեստավորում է կատարվում, սակայն երեկ՝ հուլիսի 26-ին, մանկապարտեզի և ՀԱԿ-ի աշխատակիցներին մոտ 40 թեստ է կատարվել: