Այսօր Դիլիսկա գյուղի բնակիչները բողոքի ցույցով եկել էին «Վրացական երազանք»-ի շտաբ: Նրանք ատգամավոր Սամվել Մանուկյանին ներկայացրեցին իրենց գյուղի տարիներով անլուծելի՝ ջրի խնդիրը։
Դիլիսկա գյուղի բարձրադիր վայրերում ապրող բնակիչներն արդեն 30 տարի է խմելու ջրի խնդիր ունեն։ Ինչպես իրենք են նշում ամեն անգամ դիմում են տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն՝ ապարդյուն։
«Մենք ունենք խմելու ջրի խնդիր, 30-40 ընտանիք այս ձմեռվա այս եղանակին խմելու ջուր չունի, ջրերը անտեղի բաց են թողնում, կարգավորելու հնար չկա, եկել ենք և խնդրում ենք, որ խնդիրը լուծեն, մեր ղեկավարությունն այս հարցերով զբաղվի, կարգավորեն, որ ջուր ունենանք, դա է մեր պահանջը», – JNEWS-ի հետ զրույցում ասացին բողոքի մասնակիցները։
Դիլիսկա գյուղի բարձրադիր վայրերի բնակիչները նույն խնդիրն ունեն նաև ամռանը՝ ոռոգման սեզոնին:
«Ամռան էլ երկու ամիս խմելու ջուր չենք ունենում, երբ ոռոգման շրջանն է սկսվում, ու էլի նույն խնդրի առջև ենք կանգնում: Մեր պահանջն է, խնդրանքը, որ զբաղվեն խնդրով, կարգավորեն, բոլորն էլ ջուր ունենան, ոչ թե մեկը 10 հոգու ջուր օգտագործի, մյուսն ընդհանրապես չունենա։ Քանի տարի է այս խնդիրը կա, միշտ գալիս բողոքում ենք, խնդրում, պահանջում, բայց ընթացք ու կարգավորող չկա։ Ասում են ջրի փողը մուծեք, վարձը հավաքեցեք, բայց իչնպես կարելի է ջուր չօգտագործել, բայց՝ վճարել։ Բոլորն էլ տեղյակ են, ղեկավարությունը հերթով եկել գնացել են, բայց հարցը մինչև հիմա չի կարգավորվել», – ասացին Դիլիսկա գյուղի բնակիչները։
Դիլիսկայի բնակիչները հույս ունեն, որ նոր ղեկավարությունը խնդրին կծանոթանա և լուծում կգտնի։
Պատգամավոր Սամվել Մանուկյանը հանդիպեց բնակիչներին, լսեց նրանց և ընդունեց դիմումը։ Սակայն JNEWS-ի հարցին, թե ի՞նչ լուծում է տեսնում
կապված այս խնդրի հետ, նա պատասխանեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել, քանի որ խնդրին ծանոթ չէ։