Հունիսի 27-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոյում քննարկվել է 5 տարվա վաղեմության հարց։ Քաղաքային իշխանությունները գտել են Կումուրդո (Գումբորդո) գյուղի փռի սեփականության և օգտագործման հարցը լուծելու ճանապարհը։

Ախալքալաքի սակրեբուլոյում տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային հանձնաժողովի, Գույքի կառավարման, Բնական պաշարների և ագրարային հարցերի, Սոցիալական հարցերի, Մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև Հողի և տարածքային պլանավորման և հատակագծման հանձնաժողովի համատեղ նիստ։

Քննարկվող հարցերից էր Ախալքալաքի քաղաքապետարանի սեփականությունը համարվող Կումուրդո գյուղում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, որի մակերեսը կազմում է 416 ք/մ և փռի շենքը՝ 127ք/մ:

Ինչպես հայտնի է դարձավ հանձնաժողովի նիստում, պետությունը հողատարածքը փոխանցել է տեղական ինքնակառավարման հաշվեկշռին։

«Մեզ տվել են, որ այս հողը վարձակալության տանք և գումար աշխատենք։ Այսինքն՝ քաղաքապետարանը չի վաճառի այս հողը, այլ վարձակալության կտա, որպեսզի հացի փուռը ֆունկցիոնալությունը պահպանի, եթե վաճառենք, ապա հայտնի չէ, թե սեփականատերն ինչ կարող է անել։ Որպեսզի Կումուրդո և Կիրովական գյուղերի բնակիչները հացի փուռ ունենան և հաց թխեն, մենք հացի փուռը վարձակալության կտանք։ Դա արվում է, քանի որ գյուղում հող չկա, և եթե վաղը հացի փռի կարիք լինի, մենք կհայտնվենք փակուղում։ Սա բխում է բնակիչների շահերից»,- ասաց Վահան Բաթոյանը։

Վարձակալությունը, ըստ նրա խոսքերի, կիրականացվի ուղղակիորեն, վարձակալության ժամկետը դեռ հայտնի չէ, գումարի չափը նույնպես սահմանված չէ։ Դատական գործից հետո փուռն ամբողջությամբ հանձնվել է պետության սեփականաությանը, որից հետո էլ պետությունը փոխանցել է տեղական իշխանություններին: Սակրեբուլոյի պատգամավորներն առաջարկում են, որպես այլ տարբերակ՝ հողամասը վարձակալության փոխարեն վաճառել։ Բյուրոյի այսօրվա նիստում Կումուրդո գյուղի փռի հարցը կտեղափոխվի սակրեբուլոյի նիստի օրակարգ և պատգամավորների հաստատմանը։

Այս փուռը գյուղացիների և պետական ​​կառույցների միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել։ 2019 թվականի օգոստոսի 8-ին Կումուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում և պահանջում էին անվավեր ճանաչել երկու օր առաջ կայացած աճուրդի արդյունքները, ըստ որի՝ գյուղի փուռը վաճառվել էր։ Օգոստոսի 6-ին աճուրդով վաճառվել է 480 քմ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Կումուրդո գյուղի կենտրոնում, որի վրա 30 տարի գործում է հացի արտադրամաս։ Աճուրդին մասնակցել է մեկ մասնակից և փակման ժամից 28 րոպե առաջ հողամասը գնել էր 19 500 լարիով։

Գյուղի բնակիչները, ովքեր երեք սերունդ հաց են թխել այս փռում, ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն կարողացել մասնակցել աճուրդին։ Այս փաստն առաջացրել էր Կումուրդո գյուղի բնակիչների դժգոհությունը, ովքեր պահանջում էին չեղյալ համարել աճուրդի արդյունքները։

Այս թեմայով՝

Գումբուրդոյի գործող փուռը աճուրդով վաճառվել է, գյուղացիները բողոքում են

Արդեն օգոստոսի 30-ի երեկոյան, ՎԱԻՈՒԵ Սուրբ Սինոդի անդամ, Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի եպիսկոպոս Նիկոլոզ Պաչուաշվիլին, տեղական և կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Գումուրդո գյուղի բնակիչների հետ և ասել, որ նա աճուրդով գնել է փուռ և հողամաս Գումուրդոյում, սակայն, իմանալով, որ բնակիչները օգտվում են փռից և դեմ են վաճառքին՝ հրաժարվել է վճարել: Ինչպես պարզ է դարձել, աճուրդն ի վերջո չի կայացել և հողամասն ու փուռը մնացել են պետության հաշվեկշռին:

Այս թեմայով՝

Նիկոլոզ Եպիսկոպոսը հրաժարվել է աճուրդով ձեռք բերված Գումբուրդոյի փռից