Ջավախքի պահպանվող տարածքներում, վրաց-թուրքական սահմանին, Խոզապինի լճի ափին ավարտվել է բնության գրկում հանգստի սիրահարների համար էկո-քոթեջների շինարարությունը: Այս մասին հայտնում է Պաշտպանված տարածքների գործակալության աշխատակիցը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Քոթեջները կառուցվում են ENPARD2 նախագծի շրջանակներում՝ Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) աջակցությամբ, որն իրականացնում են Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտը (GRDD), Վրաստանի հասարակայնության հետ կապերի ինստիտուտը (GIPA), Mercy Corps, Elva և West Cork Development Partnership գործընկեր-կազմակերպությունների հետ համատեղ:
Ծրագիրն իրականացվում է «Խթանում Ախալքալաքում գյուղի զարգացման նոր մոտեցմանը» ծրագրի շրջանակներում՝ Ջավախքի ազգային պարկի տարածքում: Նախագծի ծավալը 113,772,44 լարի է:
Դրամաշնորհը ֆինանսավորվում է Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) կողմից՝ 65%-ով, այսինքն՝ 73,951.8 լարիով: 35%-ը՝ 39820.64 լարի համաֆինանսավորումը ֆինանսավորվում է Կովկասի բնական հիմնադրամի (CNF) կողմից: Շինաշխատանքներն իրականացնում է «New Algeti» ՍՊԸ-ն:
Քոթեջները փայտյա են, ուստի դրանք հողից բարձրացված են, որպեսզի խոնավություն չներծծեն: Ներսում 2 սենյակ և խոհանոց կա: Սանհանգույցը տեղակայված է դրսում: Քոթեջներն արևային վահանակներ ունեն և էլեկտրամատակարարման համակարգ: Դրանք կառուցվել են թռչունների դիտարանի մոտ:
Քոթեջները դեռևս շահագործման չեն հանձնվել: