Նախընտրական քարոզարշավին զուգահեռ ուժի մեջ են մտնում մի շարք սահմանափակումներ, որոնք արգելում են կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պետական բյուջեում փոփոխություններ կամ նոր ծրագրեր իրականացնել:
2017 թ.-ի հոկտեմբերի 21-ին Վրաստանի բնակչությունը կընտրի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, քաղաքապետներին: Ընտրություններից 60 օր առաջ, ըստ Վրաստանի սահմանադրության, ուժի մեջ են մտնում մի շարք դրույթներ, որոնք կանոնակարգում են ամբողջ ընտրական գործընթացը:
Ընտրություններին մասնակցելու համար որակավորում ունեցող և չունեցող ընտրվող սուբյեկտները պետք է համապատասխան դիմում ներկայացնեն ԿԸՀ նախագահին ոչ ուշ, քան օգոստոսի 27-ը: Հակառակ դեպքում կուսակցությունները չեն կարող մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Օգոստոսի 27-ը ոչ միայն վերջնաժամկետն է կուսակցությունների գրանցման, այլև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հենց այս օրը պետք է հրապարակի Վրաստանում ընտրողների ինչպես ընդհանուր թվաքանակը, այնպես էլ յուրաքանչյուր ընտրատեղամասում առանձին-առանձին:
Ըստ վերջին տվյալների, ԿԸՀ է դիմել արդեն 9 քաղաքական կուսակցություն, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին, և նրանցից 7-ն արդեն անցել է գրանցման փուլը: Տվյալ պահին գրանցվել են «Վրաստանի Եվրոպական դեմոկրատները», «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «Վրաստանի Քրիստոնյա-պահպանողական կուսակցությունը», «Ժողովրդի կուսակցությունը», «Հայրենիքի որդիների շքանշանը. «Հայրենիք»», և «Նոր աջեր» քաղաքական ուժերը:
ԿԸՀ-ում գրանցման համար կուսակցությունները պետք է ներկայացնեն 25 000 ընտրողի ստորագրություն: Վրաստանի Օրենսդրության համաձայն, Սակրեբուլոյի պատգամավոր կարող է լինել Վրաստանի 21 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի ընտրելու իրավունք:
Իսկ այն անձիք, ովքեր պատրաստվում են, որպես անկախ թեկնածու առաջադրվել քաղաքապետի կամ Սակրեբուլոյի պատգամավորի պաշտոնում, վերջնական որոշում կայացնելու ժամանակ ունեն մինչև սեպտեմբերի 6-ը: Հակառակ պարագայում ԿԸՀ-ն իրավունք չունի գրանցելու նրանց:
Այն պետական պաշտոնյաները, ովքեր պլանավորում են մասնակցել ընտրություններին, պետք է լքեն զբաղեցրած պաշտոնները նախքան ԿԸՀ կուսակցական ցուցակները ներկայացնելը, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 26-ը: Հենց այս օրվանից էլ սկսվում է քաղաքական անվճար գովազդը:
Քաղաքական սուբյեկտները այլ սահմանափակումներ չունեն և կարող են նախընտրական քարոզարշավ անցկացնել դրա համար հատկացված ողջ ընթացքում:
Մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքապետի պաշտոնում առաջադրվող թեկնածուներին տրվում է հատուկ փաստաթուղթ, որից հետո չի կարելի նրանց կալանավորել, միայն թե մինչև այն պահը, երբ հանցագործություն է կատարում: Իսկ Սակրեբուլոյի պատգամավորի պաշտոնոմ առաջադրված թեկնածուներին վերոնշյալ փաստաթուղթը կտրամադրվի մինչև սեպտեմբերի 1-ը:
Հոկտեմբերի 1-ին, ԿԸՀ-ն ըստ հերթականության կհրապարակի կուսակցությունների և համակիրների խմբի կողմից առաջադրվածների ընտրական համարները:
Վրաստանի ԿԸՀ-ն պարտավոր է հրապարակել ընտրողների վերջնական թիվը մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ: Միևնույն օրը վերջանում է նաև միջազգային դիտորդների գրանցումը: Իսկ տեղական դիտորդների գրանցումը կավարտվի մինչև հոկտեմբերի 17-ը: Իսկ ահա լրատվամիջոցները կարող են գրանցվել մինչև հոկտեմբերի 19-ը, որից հետո ուժի մեջ կմտնի ընտրողների շրջանում հարցում անցկացնելու արգելքը:
Ընտրություններից մեկ օր առաջ, այսինքն՝ հոկտեմբերի 20-ին ընտրական հանձնաժողովները կստանան քվեաթերթիկներն ու ծրարները:
Իսկ հոկտեմբերի 21-ին Վրաստանում կընտրեն Սակրեբուլոյի պատգամավորներին և քաղաքապետներին
Աղունիկ Այվազյան