Հոկտեմբերի 28-ին, «Միմինո» սրճարանում տեղի ունեցավ «Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների 6 երիտասարդական համայնքային կազմակերպություններին աջակցություն» ծրագրի շնորհանդեսը:

Շնորհանդեսը կայացավ COVID-19-ի տարածման կանխարգելման կանոնակարգերի համաձայն, պահպանվում էր ֆիզիկական հեռավորություն և բոլոր ներկաները բժշկական դիմակներով էին:

DSC_9205

Ախալքալաքի մունիցիպալիտետի 3 հեռավոր գյուղերը՝ Տուրցխ, Զակ և Կաջո, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի 3՝ Գանձա, Գորելովկա և Փոկա գյուղերը մասնակցում են «Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների 6 երիտասարդական համայնքային կազմակերպություններին աջակցություն» ծրագրին: Ընդհանուր առմամբ, ծրագրին մասնակցում է 30 երիտասարդ, սակայն, ըստ ծրագրի կազմակերպիչների, ցանկացողներ լինելու դեպքում խմբերում մասնակիցների թիվը կարող է հասնել 7-ի:

«Այս գյուղերում մենք 5 հոգանոց խմբեր ենք հավաքել, նրանք թրեյնինգներ կանցնեն, մենք նրանց կպատրաստենք որպես երիտասարդ առաջնորդների: Իհարկե, քաղաքներում շատ ծրագրեր են անցկացվում, բայց հեռավոր գյուղերի երիտասարդները մեկուսացված են և չեն մասնակցում նման ծրագրերի: Մեր ծրագրի մասնակիցների համար կկազմակերպվեն առցանց թրեյնինգներ, հանդիպումներ խորհրդարանական հանձնաժողովների և այլ հետաքրքիր անհատների հետ: Մենք նաև կսովորեցնենք նրանց, թե ինչպես կարելի է բացահայտել իրենց գյուղերի խնդիրները, կստեղծենք գաղափարների բանկ, որը նրանք կօգտագործեն իրենց կազմակերպությունները ստեղծելուց հետո», – ասում է Ցիրա Մեսխիշվիլին, Սամցխե-Ջավախքի «Տոլերանտ» տարածաշրջանային ասոցիացիայի տնօրենը:

Կազմակերպիչների խոսքով՝ հիմնականում ընտրվել են դպրոցն ավարտած երիտասարդները, սակայն, ինչ-ինչ պատճառներով նրանք չեն կարող սովորել բուհերում, նրանցից ոմանք աշխատում են, ոմանք էլ՝ դեռ ոչ: Մասնակիցների տարիքը 18-25 տարեկան է:

Ծրագիրը ֆինանսավորվում է «Վրաստանի բաց հասարակություն» հիմնադրամի կողմից և իրականացվում է Սամցխե-Ջավախքի «Տոլերանտ» տարածաշրջանային ասոցիացիայի կողմից: Նախագիծը կտեւի մեկ տարի: