Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, գործարկվել են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների պաշտոնական կայք-էջերը: Դեռ երկու կայքերն էլ կաշխատեն թեստային ռեժիմով։

Ախալքալաքի և Նինոծմինդայի պաշտոնական վեբ-կայքերը ստեղծվել և գործարկվել են «Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ինքնակառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարելավում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնի» կողմից՝ «Քաղաքացիական հասարակության նախաձեռնության» (Նախաձեռնություն STAR), շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: Կայքերը ստեղծվել են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում Տեղական ինքնակառավարման ինդեքսով նախատեսված չափանիշների կատարմանը նպաստելու համար:

«Առայժմ կայքերը կաշխատեն թեստային ռեժիմով, քանի որ դրանց վրա աշխատանքներ են տարվում, և հուսով եմ, որ 2-3 ամսվա ընթացքում դրանք կանցնեն լիարժեք աշխատանքի: Մեր բնակչությունը և այլ շահագրգիռ անձինք կարող են մուտք գործել այդ կայքեր, և եթե նրանք ունեն առաջարկներ դիզայնի կամ այլ հարցերի վերաբերյալ, մենք կարող ենք դիտարկել, թե ինչն է պետք փոխվի կամ բարելավել, որպեսզի հարմար լինի մեր բնակչությանը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը և սակրեբուլոն սկսել են ավելի ակտիվ աշխատել իրենց կայքում, այնտեղ ավելի շատ տեղեկություններ կան: Ախալքալաքում տեղեկատվության մեծ մասն արդեն մուտքագրված է, այժմ աշխատանքներ են տարվում շտկման և այլ հարցերի շուրջ, որոնք պետք է որոշի Սակրեբուլոն, իսկ քաղաքապետարանը դեռ միայն հայտարարել է այն աշխատակցի թափուր աշխատատեղը, ով պետք է աշխատի կայքի վրա»,- ասում է ծրագրի ղեկավար Մախարե Մացուկատովը:

Ըստ Մախարե Մացուկատովի, մունիցիպալիտետներին վեբ-կայքերն անհրաժեշտ են՝ ավելի ինտենսիվ քաղաքացիական ներգրավվածության, մունիցիպալ իշխանությունների ակտիվացման և մունիցիպալիտետների քաղաքապետարանների ու սակրեբուլոների թափանցիկության համար:

«Կայքը նաև ուղեցույց է օտարերկրացիների, ներդրողների, զբոսաշրջիկների և այլ շահագրգիռ անձանց համար, որպեսզի նրանք կայքից տեղեկանան, թե ինչ կա մունիցիպալիտետում: Անհրաժեշտ է, որ դոնորները, ներդրողները և այլ շահագրգիռ անձինք կարողանան գտնել առնվազն առաջնային տեղեկատվություն և պատկերացում կազմեն, թե ինչ են իրենցից ներկայացնում Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները: Մյուս կողմից, տեղական իշխանությունները կարող են ցույց տալ բնակչությանը, թե ինչ են անում, քանի որ կան բազմաթիվ ակտիվություններ, որոնք տեսանելի չեն»,- ասում է Մախարե Մացուկատովը:

Կայքում կարելի է գտնել հաջորդ տարվա բյուջեն, նորարարությունները, տեղեկատվությունն ու միջոցառումները, որոնք նախատեսված են մունիցիպալիտետներում։ Տեղեկություններ կլինեն նաև հանձնաժողովի, բյուրոյի առաջիկա նիստերի և այլնի վերաբերյալ։

«Ամենակարևորը՝ կայքը կունենա հետադարձ կապ, հնարավոր կլինի էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկել քաղաքապետարան, Սակտեբուլո, կամ անմիջապես հարցում, հայտադիմում ուղարկել, հարց հղել՝ էլեկտրոնային եղանակով որոշակի պատասխաններ ստանալու համար։ Հետագայում մենք ցանկանում ենք, որպեսզի հնարավոր լինի ցանկացած ստորագրահավաք և հարցումներ անցկացնել, որտեղ կմասնակցի բնակչությունը»,- ասում է նա։

«Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ինքնակառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարելավում» ծրագիրն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ Նախաձեռնության նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակությունը՝ որպես անկախ, կայուն, թափանցիկ և հաշվետու կառույց ողջ Վրաստանում: Ծրագրի հաջող իրականացումը կնպաստի թափանցիկ, հաշվետու և պատշաճ կառավարման սկզբունքների հիման վրա տեղական ինքնակառավարման ձևավորմանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման իրականացմանը քաղաքացիների մասնակցությանը։