Երկու տարի է Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղը գլխավոր մասնագետ չունի, իսկ Տրկնան՝ քաղաքապետի ներկայացուցիչ։ Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր նշանակումներ կլինեն 2024 թվականին։
Ախալքալաքի մունիցիպալիտետի յուրաքանչյուր գյուղ գլխավոր մասնագետ և քաղաքապետի ներկայաուցիչ ունի, բացի Ալաթումանից ու Տրկնայից։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշեց․ «Ներկա դրությամբ թափուր հաստիք ունենք Ալաթուման գյուղում և Տրկնայում չունենք ներկայացուցիչ, մյուս գյուղերում նշանակված են»։
Թե ինչու՞ Ալաթումանը երկու տարի է չունի գլխավոր մասնագետ, Մկարյանը նշեց, որ հարցն անընդհատ ձգձգվել է։
«Մի քիչ այս հարցը ձգձգվեց, բայց նոր տարին, նոր պայմանագրով կսկսենք և երկու գյուղում էլ կլինեն նշանակումներ», – ասաց Ախալքալաքի քաղաքապետը։
Նշենք, որ մինչև 2021 թվականի դեկտեմբեր Ալաթուման գյուղի գլխավոր մասնագետը եղել է Մակբեթ Տոնոյանը։ Նա գյուղի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականից, պաշտոնաթող է եղել 2021 թվականին։ Ինչպես ինքն է նշում աշխատանքի ընթացքում թերություններ չի ունեցել, այդ իսկ պատճառով չի կարող ասել, թե ինչու՞ չեն երկարացնում իր պայմանագրի ժամկետը։