Ախալքալաքի 3 ընտանիքում հայտնաբերվել է կորոնավարակի ընդամենը 8 դեպք, վիրուսը չի հաստատվել նրանց հետ շփվող մարդկանց մոտ, ինչը հնարավորություն է տալիս պնդելու, որ այն դեռ տարածված չի: Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տալիս պատասխանատու կերպով վերաբերվել կորոնավիրուսին և պահպանել զգուշության բոլոր կանոնները, հակառակ դեպքում նրանք կանխատեսում են դեպքերի թվի աճ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում մինչ օրս գրանցվել է կորոնավարակի 8 դեպք, այդ թվում` երեխաներ:
Մունիցիպալիտետում առաջին դեպքն արձանագրվել է հոկտեմբերի 2-ին: Դրանից հետո բնակչությունը դարձել է ավելի զգույշ նախորդ ամիսների համեմատ, փողոցներում դիմակավոր մարդկանց թիվն ավելացել է: Մինչ այսօր վիրուսը հաստատվել է 3 ընտանիքում ՝ 2 ական վարակակիր երկու ընտանիքում և 4-ը՝ մեկ այլ ընտանիքում: Վարակվածի հետ շփում ունեցած 86 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է, որ իրենք մարդկանց մոտ խուճապ չեն նկատում, ընդհակառակը, ըստ նրա, հիվանդանոցում այցելուների թիվն աճել է: Ալեքսան Թորոյանը դժվարանում է գնահատել մունիցիպալիտետեւմ կորոնավարակի հետ կապված իրավիճակը:

«Շրջանում շատ ասիմպտոմատիկ հիվանդներ կան, որոնք կբացահայտվեն միայն թեստավորման միջոցով, այսինքն նրանք հիվանդ չեն, բայց վիրուսակիր են, քանի որ այսպիսի միգրացիայի արդյունքում, այս տարի Բաթումիում, Սև ծովի ողջ երկայնքով, միայն ջավախքցիներն էին, իսկ մեր երկու տարածաշրջանները միմյանց հետ կապված են, և հետո, մերոնք սիրում են մեկը մյուսին հյուր գնալ, սուրճ խմել, դրան գումարած մեր քաղաքացիները մի փոքր անպատասխանատու են, մարդիկ ապրում են վտանգելով ուրիշների կյանքը », – ասում է Ալեքսան Թորոյանը:

Բժիշկները բնակչությանը հորդորում են պատասխանատվություն ցուցաբերել և չվտանգել ուրիշների կյանքը:

Ալեքսան Թորոյանը կարծում է, որ բնակչությանը պետք է լրատվամիջոցների օգնությամբ տեղեկացնել, բացատրել, որ պետք է զգույշ լինել, ջերմության և այլ ախտանիշների դեպքում դիմել բժշկի և պահպանել հիգիենայի կանոնները:

«Ես վախենում եմ, որ հետագայում շատ շատ դեպքեր կունենանք, քանի որ մարդիկ թաքցնում են, ստում, ճշմարտությունը չեն ասում», – ասում է Ալեքսան Թորոյանը:

Շրջանային հիվանդանոցի բժիշկները, ըստ մենեջերի, յուրաքանչյուր հինգ օրը մեկ թեստավորվում են:

Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվել է ավելի քան 1200 թեստավորում։ Թեստավորել են բժիշկներին, ՀԱԿ֊ի աշխատակիցներին, հրշեջներին և այլոց: