«Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը 30 օրով կասեցվել է։ Որոշումն ընդունվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ի նիստում։
Հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող ««Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում՝ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ:
Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:
Ըստ կազմված արձանագրության՝ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով են անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել է օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում:
Նշվել է, որ Հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:
Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել ««Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել Օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանաված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Աղբյուրը՝ PanArmenian.net