Վրաստանում նախատեսում են անցնել ցորենի ներմուծման մասնակի փոխարինման: Այդ մասին այսօր հայտարարեց գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում։ Նա նշեց, որ ներկա պայմաններում առավել կարևոր է նպաստել տեղական արտադրության զարգացմանը։ Նրա հաշվարկներով՝ մի քանի տարուց երկիրը կկարողանա ցորենի ինքնաբավության ցուցանիշը 15%-ից հասցնել 50%-ի։
«Մենք փաստացի ամենօրյա շփման մեջ ենք ներկրողների հետ և իրականացնում ենք գործընթացի ամբողջական մոնիտորինգ, ինչից ելնելով կարող եմ ասել, որ այս փուլում սննդի մատակարարման առումով ընդհատումներ չունենք։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք օգնել բիզնեսին գտնել այլընտրանքային շուկաներ մուտք գործելու ուղիներ:
Սակայն ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ավելին անել առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավության ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով մենք ակտիվորեն աշխատում ենք ցորենի արտադրության ավելացման համար անհրաժեշտ միջոցառումներ մշակելու ուղղությամբ։
Շատ շուտով ոլորտի ներկայացուցիչների հետ և գիտնականների մասնակցությամբ կներկայացնենք մի ծրագիր, որը խթանում է ցորենի արտադրության զգալի աճը։ Կարծում ենք, որ մի քանի տարուց կկարողանանք ցորենի ինքնաբավության ցուցանիշը 15%-ից հասցնել 50%-ի»,- ասաց նախարարը։