Այսօր, հրետակոծությունից հետո առաջին անգամ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պսակադրություն է տեղի ունեցել:

Արցախցի Մարիամն ու Հովիկը որոշել են հենց պատերազմի ժամանակ ամուսնանալ, աշխարհին ի ցույց դնելով իրենց անսասան հավատն առ Աստված, հավատն առ հաղթանակ:

Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես գրել է. «Երեք տարի շարունակ հետաձգվող մեր պսակադրությունը կայացավ այսօր, պատերազմական մեր օրերում, երբ, ցավոք, չի երեւում պատերազմի վերջը, բայց հավատն առ Հաղթանակ անսասան է։ Սա անձնական քմահաճույք չէ բնավ, այլ գոյատեւման, հարատեւության խորհրդանիշ, բողոք հայկականը ոչնչացնելու փորձերին։ Որքան էլ խոցված ու վիրավոր լինի Ղաղանչեցոցը, այն իր ոգեղենությունը չի կորցնի, որովհետեւ այս եկեղեցում մրմնջացել են ամենաանկեղծ աղոթքները…»:

Մարիամը նշել է, որ իր ծնողները նույնպես պատերազմի ժամանակ են ամուսնացել, և վստահություն է հայտնել, որ իրենց սերունդը վերջինը լինի, որ պատերազմի ժամանակ են ամուսնանում:

Անդրադառնալով Արցախ պատերազմին Մարիամը նշել է. «Այս օրերին կերտվում են ամենահերոսական պատմությունները, մեր երկրի ամեն մի միլիմետրը պաշտպանվում է կյանքի գնով, շուրջ մեկ ամիս մեր տղաները պայքարում են ահաբեկիչների դեմ եւ սա արդեն հաղթանակ է։ Մեր շարքերը լքում են հերոս տղաներ՝ մեկը մեկից հրեղեն, մեկը մեկից հզոր եւ անձնվեր եւ այս դատարկվող շարքերը համալրել է պետք, սիրելի կանայք…»:

Հարսանիքին Մարիամը ներկայացել է հայկական ավանդական տարազով, իսկ Հովիկը զինվորականաի հագուստով:

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պասակադրության անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա իր ֆեյսբուկյան էջում հետևյալ գրառումն էր կատարել․

«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները…

Երջանի՛կ լինեք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից երկու անգամ հրետակոծության էր ենթարկվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

Լուսանկարը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից