Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեվերջյան մամուլի ասուլիսին անդրադարձել է նաև արցախյան պատերազմին։ Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից:

«Այդ լարվածությունը ձգվել էր երկար տարիներ։ Չեմ կարծում, որ պատերազմը եղել է արտաքին միջամտության հետևանքով։ Մի քանի անգամ բախումներ եղան, մանր փոխհրաձգություններ։ Եվ վերջնական արդյունքում այդ ամենը վերածվեց այս հակամարտության»,- նշել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը Վլադիմիր Պուտինը համարում է Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը, իսկ մնացած հարցերն, ըստ ՌԴ նախագահի, երկրորդական են․

«Մարդկանց կյանքի և առողջության պահպանումը գլխավոր խնդիրն էր, որը մենք լուծեցինք»,- շեշտել է Պուտինը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին նա շեշտել է, որ տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումն այն է եղել, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները։

«Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա այն պետք է անփոփոխ մնա, ասյինքն՝ որոշվի ապագայում։ Լեռնային Ղարաբաղում պետք է ստատուս քվո արձանագրվի, սակայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պարտադիր հաղորդակցման հնարավորությամբ, ինչի համար էլ նախատեսված է եղել ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքը, այսինքն՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

ընդգծենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: