Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Հադրութում մարտերի մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, վերահաստատել է, որ Պաշտպանության բանակի որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

ՊԲ հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։

«Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, Հադրութի Տող գյուղի մոտ հայ և ադրբեջանցի զինվորների միջև փոխհրաձգության և մարտերի մասին, որի հետևանքով, ըստ այդ աղբյուրների, հայկական կողմն ունի 6 զոհ և վիրավոր, իսկ ադրբեջանականը՝ 5 վիրավոր։ Նմանատիպ լուր էր տարածել նաև WarGonzo տելեգրամ-ալիքը։

Իսկ ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, տարածքում մնացած հայկական ուժերի 6-հոգանոց խումբը հարձակվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանման վրա։ Ադրբեջանը հայտնել է նաև 1 զոհի և վիրավորի մասին՝ հայտարարելով նաև, թե 6 հայ զինծառայողները սպանվել են։