Ջավախքի «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորության թեկնածուները, Ղարաբաղում տիրող իրավիճակի և պատերազմող կողմերի հաշտեցման գործընթացում Վրաստանի մասնակցության անհրաժեշտության թեմայով, Ախալքալաքի և Նինոծմինդայի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հրավիրել էին մամուլի ասուլիս:
Ասուլիսը սկսվեց այսօր՝ ժամը 14: 00-ին, «Gold» սրճարանում: Լրագրողներին ողջունեց «Դաշինքի» համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուն: Նա ասաց, որ նրանք մտահոգված են, որ լարվածությունը կարող է տարածվել ամբողջ Կովկասում, և որ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա վարել հավասարակշռված քաղաքականություն: Ըստ նրա, «Վրաստանի հայրենասերների դաշինքը» այն քաղաքական ուժն է, որը կարող է դա անել:
Թեկնածուն առանձնացրեց կուսակցության ծրագրի հիմնական կետերը, այդ թվում այն, որ կուսակցությունը լուրջ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի կողմից օկուպացված «Դավիթ Գարեջի» պատմական հուշարձանի հարցին:
«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը փորձում է վարել խաղաղ քաղաքականություն, ցանկանում է, որ վրացիները հաշտություն կնքեն աբխազների և օսերի հետ, ինչպես նաև առանց միջնորդների հարաբերությունները լավացնեն Ռուսաստանի հետ: «Հայրենասերների դաշինքը» լուրջ ուշադրություն է դարձնում «Դավիթ Գարեջի» պատմական հուշարձանին, որը օկուպացրել է Ադրբեջանը: Ինչպես գիտենք Աջարիայում դեմոգրաֆիկ իրավիճակն օրեց-օր արհեստականորեն փոխվում է, և ոչ հօգուտ վրացիների: «Դաշինքը» հատուկ ուշադրություն է դարձնում պատմական արդարության վերականգնմանը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչմանը», – ասաց Սամվել Պետրոսյանը:
Նա հորդորեց, Ղարաբաղի իրավիճակին օգնելու համար, ճիշտ ընտրություն կատարել:
JNEWS- ի լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ինչպես է կուսակցությունը պատրաստվում նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Սամվել Պետրոսյանը պատասխանեց հետևյալը.
«Քանի որ կուսակցության ծրագիրը հրապարակվել էր պատերազմից շատ ավելի շուտ, մեր կուսակցության ղեկավարության հետ զրույցների ժամանակ, երբ հարցրեցի, թե ինչպես են նրանք վերաբերվում այս հակամարտությանը, նրանք պատասխանեցին, որ գլխավորը պատահական հայտարարություններ չանելն է: Նրանք կարող են միջնորդ լինել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև բանակցություններում»:
Բացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմային վերաբերող հարցերից, լրագրողներին հետաքրքրում էր կուսակցության սոցիալական խնդիրների լուծման ծրագիրը` հողի, ջրամատակարարման, ջավախքցիներին քաղաքացիության վերականգնման և այլ հարցեր: