Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը նախատեսվում է 2017 թ.-ին, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի կադրային քաղաքականությունը, ով է պատասխանատու դրա համար: Դեռ հայտնի չէ նաև այն, թե ինչպես են նախապատրաստելու Ջավախքի բնակչությանը, որպեսի վաղը կարողանան աշխատել երկաթուղում:

Ջավախքի բնակիչները շատ հետաքրքված են աշխատատեղերով, որոնք կբացվեն Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործման հետ: Տարածաշրջանում տիրող գործազրկության պայմաններում շատերի համար այն աշխատանք գտնելու հույս է: Տեղի կադրերին երկաթուղում աշխատելու նախապատրաստելու հարցը տեղի ոչ կառավարական կազմակերպությունները բազմիցս բարձրացրել են տարբեր մակարդակներում: Սակայն այս հարցը դեռևս հետաձգվում է անորոշ ժամանակով:

Ախալքալաքի բնակչուհի Աննա Մանուկյանը կարծում է, որ լավ կլինի, եթե տեղացիները կարողանան նոր աշխատատեղեր գտնել այստեղ:

«Այնտեղ անհրաժեշտ են տնտեսագետներ, դիսպետչերներ: Ամուսինս վարորդ է, նա կարող է վերաորակավորվել երկաթուղային վարորդի: Իհարկե լավ կլինի, եթե այստեղ աշխատանք գտնի: Մենք մնալու ենք Ախալքալաքում և չենք պատրաստվում հեռանալ այստեղից», – ասում է Աննա Մանուկյանը:

Անահիտ Ասատրյանը ցանկանում է, որ իր որդին աշխատի երկաթուղում, սակայն նա չգիտի, թե ուր է պետք դիմել, որտեղ ցուցակագրել իր որդուն:

«Ես ակնկալում եմ, որ կբացվեն շատ աշխատատեղեր և մեր ժողովուրդը կկարողանա աշխատանք գտնել: Ես ուզում եմ, որ իմ որդին տիրապետի վրացերենին, որ սովորի Թբիլիսիում, և հետո աշխատի երկաթգծում», – ասում է Անահիտ Ասատրյանը:

Անահիտն ասում է, որ հնարավոր է Ախալցխայի քոլեջում կա երկաթուղային մասնագիտությունների համապատասխան բաժին, սակայն մենք պարզեցինք, որ Ախալցխայում երկաթուղուային մասնագիտություն չես կարող սովորել:

Մեզ հետ հեռախոսազրույցում Ախալցխայի «Օպիզար» մասնագիտական քոլեջի տնօրեն Բելլա Ավալիշվիլին ասաց, որ իրենք չեն պատրաստում կադրեր երկաթուղու համար:

2012 թ.-ի Ախալքալաքի ԲՈՒՀ – քոլեջը (այժմ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի մասնաշենք) նախատեսում էր բացել երկաթուղային գործի վերապատրաստման դասընթացներ և բանակցություններ էր վարում Կրթության և գիտության նախարարության մասնագիտական ծրագրերի դեպարտամենտի հետ:

«Մենք պատրաստել էինք նման ծրագիր, սակայն 2012 թ.-ին, երկու համալսարանների` Ախալքալաքի ԲՈՒՀ – քոլեջի և Ախալցխայի ԲՈՒՀ-ի միացումից հետո նրանք չհասցրին ներկայացնել հավատարմագրման խորհրդին», – ասաց Ախալքալաքի ԲՈՒՀ – քոլեջի նախկին ռեկտոր Ռոին Ղավրելիշվիլին:

Ինչպես պարզեցինք Կրթության և գիտության նախարարությունից, Թբիլիսիում հիմնադրվել է երկաթուղային քոլեջ, բայց դեռևս այն չի գործում:
Հայտերի ընդունումը այս քոլեջում կսկսվի 2017 թ.-ի աշնանը: Սակայն, մինչ օրս տեղի բնակիչներին այդ քոլեջի առկայության վերաբերյալ, ոչ մի տեղեկատվական աշխատանք չի անցկացվել:

Երկաթուղու հետագա գործունեության և կադրային քաղաքականության պատրաստման պատասխանատու մարմնի կամ հիմնարկի երկար որոնումներից հետո, մենք կապվեցինք «Վրացական երկաթուղի» ԲԸ ուղևորատար մասնաճյուղի փոխտնօրեն Դաչի Ցագուրիայի հետ: Ըստ նրա, 2006-2007 թթ.-ին փակվեց երկաթուղային քոլեջը, ինչը նա սխալ է համարում:

«Մենք ունենք Հազարամյակի $ 2,5 մլն դրամաշնորհ, մենք Թբիլիսիում պատրաստվում ենք կառուցել նոր երկաթուղային քոլեջ: Այնտեղ կվերպատրաստեն երկաթուղում աշխատելու բարձր մակարդակի մասնագետներ: Մեզ օգնում է գերմանական Deutsche Bahn ընկերությունը: Տարվում են նախագծման և շինարարության աշխատանքներ: Չեմ կարող ասել, թե երբ կավարտենք, կարող է տևել մեկ ու կես տարի: Իհարկե մենք կտեղեկացնենք, կկատարենք տեղեկատվական աշխատանք ողջ Վրաստանում», – ասում է Դաչի Ցագուրիան:

ՍՊԸ «Մարաբդա-Կարծախում» մեզ ասացին, որ նրանք պատասխանատու են միայն երկաթուղու շինարարության համար, իսկ կադրային քաղաքականության մասին կմտածի մի նոր ընկերություն, որը կստեղծվի շինարարության ավարտից հետո:

«Կառուցումից հետո հնարավոր է հիմնվի նոր ընդհանուր ընկերության, որը կզբաղվի կադրային քաղաքականությամբ: Ամենայն հավանականությամբ, բաժնետոմսերի 50%-ը կլինի Վրաստանինը, 50%-ը՝ Ադրբեջանինը», – ասացին «Մարաբդա-Կարծախի» ընկերության մամլո ծառայությունում:

Կարող են արդյոք Ջավախքի գործազուրկ բնակիչները օգտվել նոր աշխատատեղերից, որոնք կբացվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումից հետո դեռևս հարցականի տակ է:

Շուշան Շիրինյան