Մայիսի 7-ին, միաժամանակ աշխատանքից հեռացման դիմում են գրել Ախալքալաքի քաղաքապետարանի երկու ծառայությունների ղեկավարներ: Քաղաքապետն արդեն բավարարել է Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանի ու Պետական գնումների ծառայության ղեկավար Աշոտ Իսպիրյանի աշխատանքից ազատման դիմումները:
Քաղաքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու կարևոր ծառայությունների ղեկավարները չեն ուզում աշխատել և դրա համար աշխատանքից ազատման դիմում են գրել:
«Գրել են, որ խնդրում ենք աշխատանքից ազատել: Հենց երեկ էին գրել հեռացման դիմումը և արդեն հրամանով ազատել ենք: Աշխատանքի շատ վատ շրջան է մեզ մոտ, բայց բավարարել եմ նրանց խնդրանքը: Երկուսն էլ առանձնապես այսպես կարելի է ասել ֆունդամենտալ ծառայություններ էին ղեկավարում, քաղաքապետարանի անունն առաջ քաշող ու երևացող ծառայություններ: Երկուսն էլ ունեն բաժնի պետեր, հիմա ժամանակավոր նրանք կկատարեն աշխատանքը»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Քաղաքապետարանն առաջիկայում թափուր աշխատատեղերի համար մրցույթ կհայտարարի:
«Այսօր մասնագետ գտնելը հեշտ չէ, շինարար, տնտեսագետ կամ իրավաբան գտնելն իրոք դժվար է, միայն դիպլոմ ունենալով չէ, պետք է մի քիչ կարդացած լինեն, իրենց գործի գիտակները»,- հավելեց քաղաքապետը:
Երեկ աշխատանքից հեռացման դիմում գրած Ախալքալաքի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության ղեկավար Աշոտ Իսպիրյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու է թողնում պաշտոնը, նղելով. «Ես հիմա չեմ մեկնաբանի: Դեռ դիմումիս պատասխանը պաշտոնապես չեմ ստացել»:
Իսկ Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանն առավոտվանից չի պատասխանում մեր զանգերին: