Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մշակել է հատուկ ուղեցույց՝ COVID-19 համավարակի ֆոնին հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններն անցկացնելու համար:
Առաջիկա ընտրություններում ձայն տալու իրավունք ունի Վրաստանի ավելի քան 3,5 միլիոն քաղաքացի: Հրահանգների ցանկում ամրագրված է ընտրատեղամասերում վարակման ռիսկերը նվազագույնի հասցնելը:
Բոլոր քաղաքացիները պետք է բժշկական դիմակներ կրեն: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին դիմակ կտրամադրի ընտրական վարչակազմը:
Դիմակները հարկ կլինի հանել երկու անգամ` անմիջապես մուտքի մոտ և հանձնաժողովի անդամի կողմից ընտրողների գրանցման տվյալները ստուգելիս:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ընտրատեղամասերում յուրաքանչյուր քաղաքացու կտրվի անհատական գրիչ: Քվեարկելուց հետո անհրաժեշտ կլինի այն թողնել հատուկ տարայի մեջ:
Փոխվում են նաև քվեախցիկները: Դրանց վրա վարագույրներ այլևս չեն լինի: Քվեարկության գաղտնիության սկզբունքը չխախտելու համար, քվեախցիկների մուտքը տեղակայված կլինի պատին նայող կողմից:
ԿԱՐԵՎՈՐ Է. Ջերմաչափումը պարտադիր է մնում ընտրական հանձնաժողովների անդամների և այլ անձանց համար, ովքեր կարող են տեղամաս մտնել, բայց ընտրող չեն: Եթե այդ քաղաքացիներն ունենան 37 աստիճան և բարձր ջերմություն, ապա ուղեցույցով խորհուրդ է տրվում սպասել հինգ րոպե, ապա նորից ջերմաչափում անցկացնել: Քաղաքացու մուտքը տարածք չի թույլատրվի, եթե մարմնի ջերմությունը շարունակի մնալ 37 աստիճանից բարձր:
Տեղամասերում ախտահանումը կիրականացվի երեք ժամը մեկ անգամ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղեցույցը հաստատել է սեպտեմբերի 18-ին: Դեռ հայտնի չէ, թե ինչպես կքվեարկեն այն քաղաքացիները, ովքեր բուժում են անցնում COVID-19 բուժհաստատությունում, կովիդ-հյուրանոցում, տան պայմաններում կամ գտնվում են կարանտինում: