2020 թ.-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ մոտ 40 երկրում Վրաստանի քաղաքացիների համար նախատեսված է ընտրատեղամասեր բացել: Այս կապակցությամբ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) տեղի է ունեցել ճեպազրույց, որի ժամանակ ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն լրատվամիջոցներին տեղեկացրել է արտերկրում գտնվող ընտրողների մասին:
«InterpressNews»-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ ԿԸՀ-ն սերտ համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ` արտերկրում ընտրողների սահմանադրական իրավունքներն ապահովելու համար:
Նրանց տեղեկատվության համաձայն՝ 2018 թ.-ի նախագահական վերջին ընտրություններում 39 երկրում 55 ընտրատեղամաս էր բացվել: Այդ ժամանակ, արտերկրում կազմակերպված քվեարկության առաջին փուլում մասնակցել էր 4 801 ընտրող, իսկ երկրորդ փուլում՝ 9 028: Հատկանշական է, որ 2018 թ.-ին առաջին փուլում գրանցված ընտրողների թիվը 57 637 էր, իսկ երկրորդ փուլում՝ 63 739:
«Հիշեցնում ենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Վրաստանի քաղաքացիները, ովքեր գտնվում են արտերկրում, պետք է լինեն Վրաստանի հյուպատոսական հաշվառման մեջ կամ Վրաստանում գործող օրենսդրությանը համապատասխան գրանցված լինեն հասցեով, որը գտնվում է արտերկրում: Այն դեպքում, եթե արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները Վրաստանի հյուպատոսական հաշվառման մեջ չեն, ապա նրանք պետք է գրանցվեն մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ Վրաստանի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական գրասենյակում: Հյուպատոսական հաշվառումն անվճար է: Նշենք, որ քաղաքացիներն այս ընթացակարգը կարող են անցնել նաև էլեկտրոնային եղանակով՝ հյուպատոսության կայք-էջի միջոցով:
Հիշեցնենք, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, ներառյալ արտերկրում գտնվողները, կարող են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ստանալ ԿԸՀ առցանց-չեթի միջոցով կամ զանգահարելով ԿԸՀ տեղեկատվական կենտրոն՝ 2 51 00 51:
Ընտրական վարչակազմն անընդհատ կտարածի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են արտերկրում գտնվող ընտրողների համար, որպեսզի նրանք կարողանան ազատորեն մասնակցել քվեարկությանը», – ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ: